Այս էջը հաստատված է

հարյուր թուման զուտ արծաթ դրամ։ Նաև մյուս խմբին [տվեց], որի գլխավորը Ղրխյալան մելիքն էր և Բաղդասար անունով մի քահանա՝ մի մարդ խելոք ու իմաստուն ճշմարտությամբ ու Քրիստոսի հավատով հաստատուն. սրանց ձեռքով սրանց խմբին տվեց հիսուն թուման զուտ արծաթ դրամ և ժողովրդի երկու խմբերն էլ տարան տվին վերակացու իշխանին իրենց պարտքի դիմաց, իսկ պարտքի մնացորդի համար խնդրեցին որոշ օրեր ներող լինել, մինչև որ այն ևս որևէ տեղից գտնեն, վճարեն։

Բայց որպես Քրիստոսի մատնիչ Հուդան, որ բաժանվելով անջատվեց տասներկուսի խմբից, հայերից երկու մարդ Ղարաբաշ մելիքի խմբի ժողովրդից, Բաղդասար ու Ախիջան անուններով, եղան սատանայի սպասավորներ ու չարի աման, սրանք հակառակ կանգնեցին քրիստոնյաներին և ասացին․ «Եթե մեզ յուրաքանչյուրիս տաք տասական թուման ֆռանկ եպիսկոպոսի տված դրամից, լավ, ոչինչ չենք ասի, իսկ եթե չտաք, կգնանք իշխանների, նաև հենց թագավորի մոտ կասենք՝ սրանք գնացին դարձան ֆռանկ, այդ պատճառով եպիսկոպոսը սրանց դրամ տվեց, որ բերին ձեզ տվին։ Իսկ մյուս մարդիկ աղաչում ու ասում էին. «Այժմ համբերեցեք, որ դրամը տանք թագավորի պարտքը, որը ահա ձեր աչքով տեսնում եք, թե ինչպես ներկայումս ճշտիվ պահանջում են, հետո մեզնից ամբողջ ժողովրդից կվճարենք, կտանք ձեզ, ինչպես դուք եք ցանկանում։ Նրանք չզսպվեցին և ոչ էլ նրանց խոսքերն ու աղաչանքն երը հաշվի առան, այլ ելան գնացին մահմեդական իշխանների մոտ, հայերի մասին սուտ խոսեցին ու ասացին, թե հայերը գնացին ֆռանկների մոտ, ընդունեցին նրանց հավատը և այս դրամը առան, բերին վճարեցին ձեզ։ Նաև այդ երկու մատնիչ մարդիկ իրենց ողջ ընտանիքներով դարձան մահմեդական և ամուր բռնեցին այդ հավատը, քանի որ ամբողջ ընտանիքով թլպատվեցին։

Այս խոսքի վրա մահմեդական իշխանները սաստիկ խոժոռվեցին և միմյանց ասելով խոսքը հասավ թագավորի ականջը, այս բանը թագավորին շատ ծանր ու դառը թվաց։ Նա հրամայեց իր առջև բերել մելիքներին. նախ այդ օրը Ղարաբաշ մելիքին գտան, տարան, որի հետ արքան խոսեց և մեղադրանքներով ու սպառնալիքներով ասաց. «Ով ապերախտ