Այնուհետև հայերի հանդեպ գութն ու խիղճը վերացավ թագավորի սրտից. իր առջև կանչեց առաջին վեզիրին, սրա հետ նաև շեյխին, որի անունն էր Միրավդուլա, և հրամայեց նրանց զինվորներով մտնել այն գավառները և ծայրեծայր մահմեդականացնել ու թլպատել։ Եվ նա, որ կամքով ու հոժարությամբ կհնազանդվի, լավ, իսկ նա, որ չի հնազանդվի, տանջանքներով ու բռնությամբ թլպատեն և դարձնեն մոլար առաջնորդի [Մահմեդի] կրոնին։ Բազմաթիվ ծանր հանդիմանություններով ու սպառնալիքներով նրանց պատվիրեց կատարել իր բոլոր հրամանները, իսկ ինքը Փարիայից դարձավ գնաց Սպահան քաղաքը։
Թագավորի հրամանի հետևանքով մեծ հալածանք գործվեց հայոց դեմ. այնպես որ թողեցին տներ, ընտանիքներ, ունեցվածքներ և ելան ցրվեցին իրենց երեսի կողմը՝ լեռներում, անապատներում, անմարդաբնակ տեղերում։ Շատերը գնացին հեռավոր գավառները, փոխեցին անունները, կերպարանքները և այդպես մնում էին անճանաչելի։ Նրանցից ոմանք շատ օրեր քաղցելով ու սովալլուկ լինելով թափառական շրջում էին լեռներում և չէին կարողանում շեներ մտնել կամ որևէ մեկին երևալ թագավորի ու թլպատողների երկյուղից։
Եվ այն իշխանները, որ նշանակվեցին թլպատողներ․ մտան գավառները և ումը գտան խիստ անարգանքով, տանջանքների սպառանալիքներով ու բռնությամբ բոլորին թլպատեցին՝ թե աշխարհական, թե հոգևորական։
Ըստ իմ ասած օրինակի անելով՝ հասան Փառշիշ գյուղը, այնտեղ էլ իրենց անօրեն գործը կատարելով. այնտեղից ելնելով կամենում կին գնալ Փահրան գյուղը։ Փահրան գյուղի Սուրիջան անունով տանուտերը իր գյուղացիներին ասաց. «Եկեք զինվենք և դեմ կանգնելով միաբանությամբ կռվենք այլազգի թլպատողների դեմ և չթողնենք մտնեն մեր գյուղը»։ Գյուղացիները չեղան նրան միաբան ընկեր, այլ փախան ցրվեցին լեռները։ Իսկ Նուրիջանն ինքը միայնակ կապեց սուսերը, առավ նետ ու աղեղ և գնաց ճանապարհի կեսը և ելավ մի փոքր բոլորակ բլրի գլուխը, որի ստորոտով ճանապարհն էր անցնում։ Թլպատողները ելան Փառշիշից, ճանապարհ ընկան, գնում էին Փահրան. երբ մոտեցան բլրի ստորոտին,