Այս էջը հաստատված է

առջև սևերես չմնաս»։ Երբ շահը այս լսեց ու տեսավ, հասկացավ որ նախանձից են չարախոսել նրան, ոչ մի բան նրանից չառավ, այլ շնորհեց իրենից և առավել պատվով փառավորեց, շքեղացրեց նրան և իր պալատում նրան պահում էր իբրև բոլորից ամենահավատարիմը իր ողջ կյանքի ընթացքում ։


ԳԼՈՒԽ ԺԶ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍ ՀՌԻՓՍԻՄԵԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳՏՆՎԵՑԻՆ ՈՒ ՀԱՆՎԵՑԻՆ ՖՌԱՆԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՏԱՐՎԵՑԻՆ ՍՊԱՀԱՆ ՔԱՂԱՔԸ

Մելքիսեթ կաթողիկոսի առաջնորդության ժամանակ, մեծ աքսորանքից հետո ֆռանկների երկրից ֆռանկ հայրեր եկան Հայաստան, մտան Արարատյան գավառը և սկսեցին շրջել հայոց այն վանքերում, որ գտնվում են այդ գավառում։ Պարզամիտ հայերը չգիտեին, թե նրանք ինչ նպատակով են շրջում։ Բայց նրանց ըստ իրենց մարդագող, երեսահաճ և խաբուսիկ բարքի ամենքին առինքնում էին․ սրանք հանդիպեցին նաև Մելքիսեթ կաթողիկոսին, նրան խնդիրք տվին ու ոսկի դահեկան, որ չհետաքրքրվի կամ հետաքնին չլինի նրանց գործերին, ինչ հետագայում անելու էին։

Հայրերը իրենց հետ քարտեզանման մի գիրք ունեին իրենց լեզվով ու տառերով, որ ճշտորեն ու անսխալ ցույց էր տալիս, թե որտեղ են սրբերի գերեզմաններն ու դամբարանները, որ գտնվում են հայոց վանքերում, մատուռների շինվածքների որպիսությունը և թե որ կողմն են դուռն ու լուսամուտը. և շրջելով վանքերում՝ նրանք այն գրքով գտնում էին սրբերի նշխարները, վանքերի բնակիչներին բան էին տալիս և նշխարները առնում էին։ Նրանք շրջագայելով եկան Կարենիս78 գյուղը և իջան Առաքելոց վանքը, որ շինված է ձորի մեջ։ Այն գրքով գտան Անդրե առաքյալի գլուխը, որ մինչև այդ ժամանակ վանքի բնակիչները, նաև բոլոր գավառացիները չգիտեին, թե որտեղ են առաքյալների գերեզմանները, այլ միայն ավանդաբար լսել