այն ոսկով կաշառակուր եղավ նրա մտքի տեսողությունը, չեղավ վրեժխնդիր, այլ թույլ տալով՝ անհոդ մնաց։
Այն ժամին հայրերը իրենց հետ ունեին նախապես պատրաստած մոմլաթից, այսինքն՝ մուշամբայից քսակ։ Վստահ լինելով կաթողիկոսի մարդահաճության վրա՝ առաջ եկան նշխարներով լիքը տապանի մոտ և քսակը բացին. հայրերից մեկը իր ձեռքը պատեց մաքուր ու սպիտակ թաշկինակով և նշխարներից վերցրեց, լցրեց քսակը, կամենում էր բոլոր նշխարները վերցնել։ Եպիսկոպոսները այդ տեսնելով լցվեցին ցասմամբ ու բարկությամբ, վրա հասան խփեցին հայրերին ու դեն հրեցին, չթողին այլևս նշխարներից վերցնել, շատը մնաց տապանի մեջ. հայրերը գլուխն էլ էին վերցրել, եպիսկոպոսները այն ևս հափշտակեցին և դրին տապանի մեջ։ Վերոհիշյալ Վարդան եպիսկոպոսը ասում էր, թե քանի ձեոք չէին մոտեցրել նշխարներին, նշխարների որակն ու գույնը սպիտակ էր, իսկ երբ ձեռք մոտեցրին, նշխարների գույնը դեղնեց։
Եվ այս ամենի վրա եպիսկոպոսները սկսեցին լալ ու ողբալ և կաթողիկոսին դժգոհության ու մեղադրության խոսքեր ասել, թե թող արդարադատ աստված քեզնից վրեժխնդիր լինի սրբերի նշխարների համար, որովհետև սուրբ Լուսավորչի օրերից մինչև այսօր այս սրբերի նշխարները չէին խախտված կամ որևէ տեղ ցրված, և սրանք էին հայրերի հավատի սկիզբն ու հաստատությունը և մեր երկրի լիությունն ու բարությունը, իսկ դու այսօր ցրվեցիր։ Իրենց լաց ու սուգից հետո եպիսկոպոսները վերցրին տապանը մնացած նշխարներով և դարձյալ տարան սրբուհի Հռիփսիմեի տաճարը և իջեցնելով մատուռի մեջ և գերեզմանը ավելի խոր փորելով նշխարներով լիքը տապանը դրին գերեզմանի մեջ և ամեն կողմից կրով ու խճով մածուցին, ամրացրին և ծածկելով գերեզմանը, տապանաքարը դրին վրան։ Իսկ մատուռի դուռը չխցեցին, սա մնաց բաց, ինչպես որ հիմա տեսնվում է. այն ծակը, որ վերևից՝ բեմից ծակեցին, խցեցին, բայց հետաքրքրվողին հայտնապես երևում է ճանապարհի ներքևից, որովհետև ծակի վրա դրված քարերը դեռևս սպիտակ են։
Իսկ հայրերը սուրբ Հռիփսիմեի նշխարները քսակով առան և գնացին Երևան քաղաքը, մտածում էին, թե ինչ ճանապարհով