Այս էջը հաստատված է

ոմանք մեզ պատմեցին նաև այլ կարճ պատմություններ, նրանց պատմածի շարադրանքը հետևյալն է։

Առաջվա մեր պատմած պատմություններից ժամանակներ անցնելուց հետո շահը եկել է Սպահան և ըստ իր մշտական սովորության եկել է խոջա Սաֆարի տունը, այնտեղ եղել են նաև ֆռանկների հայրեր, որոնք վերոհիշյալ հայր Գլելումի կարգից են եղել։ Խոսքի մեջ հիշել են նաև սուրբ Հռիփսիմյանների նշխարները և սրբուհի Հոիփսիմեի բոլոր նշխարները բերել են շահի առջև ի տես բոլորի։ Եվ երբ նշխարները բացել են, այդ ժամանակ հարմար պահ գտնելով հայրերը շահից խնդրել են, իբրև պարգև իրենց տալ այն նշխարների մի մաս։ Շահն ինքը, վերցնելով ոսկորներից մի ոսկոր, դանակով խփել է կոտրել, ոսկորի կեսը դարձյալ գցել է մյուս նշխարների մեջ, իսկ կեսը տվել է հայրերին. իսկ նրանք առել են, ամփոփել իրենց մոտ։ Խոջա Սաֆարին հրամայել է մյուս նշխարները և կես [նշխարը] տանել, պահել։ Եվ նա վերցնելով մեջտեղից տարել է այն տեղը, ուր առաջ դրված էր և այնտեղ է մինչև այսօր։ Իսկ ինչ վերաբերում է այն մասին, որ հայրերը այժմ վերցրին, [նրանք] տարել են Բանգարի երկիրը՝ այն քաղաքը, որ կոչվում է Գվա։ Այդ քաղաքում վանք են շինել և հիշյալ մասը դրել են այդ վանքի եկեղեցու հիմքում. այժմ այդ վանքը կոչվում է Կուսանաց վանք, որտեղ բնակվում են բազմաթիվ ճգնավոր կանայք։ Արդ՝ օրհնյալ է աստված ամեն ժամանակ։


Գ Լ Ո Ի Խ ԺԷ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՄ ԻՆՉ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՊԱՀԱՆ ՔԱՂԱՔ ՏԱՐԱՆ ՄԵՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՍՈԻՐԲ ԳՐԻԳՈՐԻ ԱՋԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԱԹՈՌ ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՐԵՐԸ

Պարսից մեծ թագավոր Շահ-Աբաս առաջինը, որ հայոց ազգը արտաքսեց հայոց բնիկ երկրից և քշեց Պարսկաստան, արեց այն դիտավորությամբ, որպեսզի Հայաստանը ավերվի, և շենանա Պարսկաստանը, նվազի հայ ազգը, բազմանա պարսիկ ազգը։ Եվ քանի որ Շահ-Աբասն ինքը զգուշավոր ու կանխահոգ մարդ էր և միշտ ու հարաժամ խորհում