Այս էջը հաստատված է

Եվ դարձյալ՝ ինչպես երևում է, այստեղ է լինելու կատարումը շահի բազմաժամանակյա բաղձանքների, որովհետև նա, որ երկար ժամանակ ցանկանում, խորհում, մտորում էր, թե ինչ հնարքով քանդի Սուրբ Էջմիածինը ու խափանի այնտեղ զետեղված կաթողիկոսությունը և Սպահանում շինի Էջմիածինը, այնտեղ նշանակի կաթողիկոսությունը։ Արդ՝ ահա գտավ պատճառ ըստ իրենց [հայերի] հոժար կամքի։ Որովհետև Մելքիսեթ կաթողիկոսին դարձրեց Երևան՝ Թահմազղուլի խանի մոտ և հրաման նամակ գրեց նրան այսպես և այս օրինակով։ «Իմացիր, Թահմազղուլի, ահա քեզ մոտ ենք վերադարձնում Մելքիսեթ կաթողիկոսին, Լուսավորչի աջը, ավետարանն ու խաչը։ Նաև կգնաս Էջմիածին և Էջմիածնի նշանավոր քարերը կքանդես, կհանես տեղերից և Էջմիածնի այդ քանդված քարերը, Լուսավորչի աջը, ավետարանն ու խաչը և Մելքիսեթ կաթողիկոսին և սրանց ամենքին կուղարկես, գնան Սպահան քաղաքը»։ Երբ թագավորի հրամանը հասավ Թահմազղուլի խանին, սա հոժարակում պատրաստվեց ամենը անթերի կատարել, որպեսզի դրանով շահի առջև հաճոյակատար ծառա երևա։

Թահմազղուլի խանը Էջմիածնի քարերը ուղարկելուց առաջ կամեցավ Լուսավորչի աջը ուղարկել, որովհետև մտքով դիտել նկատել էր, որ մինչև քարերը քանդեն, մինչև տանելու ողջ բեռը պատրաստեն, նաև քարերը տանելու ընթացքը ավելի դանդաղ ու ծանր կլինի, շատ ժամանակ կանցնի և կուշանա, ուստի կամեցավ աջը առաջ ուղարկել։ Դրա համար զորականներ պատրաստեց, որ աջը Սպահան տանեն։ Նաև [պատրաստեց] Հովհաննես անունով մի քահանա՝ ոչ զորական, որ ճարտար ու խելոք էր խոսքերի ու գործերի մեջ և նույն Էջմիածին գյուղից էր, սրան ևս Թահմազղուլի խանը հրամայեց գնալ զորականների հետ աջին սպասավորելու համար։ Ապա նշանակված զորականները և տեր Հովհաննեսը առան Լուսավորչի աջը, այն ոսկեկազմ ավետարանը և այն արծաթյա խաչը, այս երեքը միասին առան, Երևանից ելան, գնացին, մինչև որ հասան Սպահան քաղաքը։ Երբ մոտեցան Սպահան քաղաքին, ողջ հայ ժողովուրդը, որ Սպահանում էր, որին և հրամայել էր շահը, խաչվառով, ավետարանով, խնկերով, մոմերով և երգով երաժշտությամբ ընդառաջ ելան