կաթողիկոսությունից և ուղարկեց Սպահան։ Իսկ Դավիթ կաթողիկոսը մնաց այնտեղ բանակում՝ շահի պալատում, այնտեղ էր նաև Ամիրգունա խանը, որ ամբողջ Արարատյան գավառի և Սուրբ Էջմիածնի տերն ու իշխանն էր։
Եվ մի օր, երբ շահը հանդես էր արել և նստել էր հանդեսում, նրա առջև կանգնած էին բոլոր իր նախարարներն ու իշխանները, այդ հանդեսում էին նաև Ամիրգունա խանը և Դավիթ կաթողիկոսը։ Շահը Դավիթ կաթողիկոսի հետ քաղցրությամբ խոսեց ասելով․ «Շնորհեցինք քեզ Էջմիածնի կաթողիկոսական իշխանությունը, այժմ կգնաս կնստես Էջմիածնում և կվարես կաթողիկոսական իշխանությունը»։ Այդ ժամանակ Դավիթը խնդրանքով ասել է շահին․ «Թագավոր իմ, ինձ խանին հանձնարարիր, ինձ խանին հանձնարարիր»։ Ապա շահը իր խոսքը Ամիրգունա խանին դարձնելով՝ Դավիթ կաթողիկոսին հանձնարարեց նրան, թե բարի խնամակալությամբ կպահես կաթողիկոսին՝ մեր հորը։ Իսկ Ամիրգունա խանը մինչև մեջքը խոնարհվեց, ձեռը դրեց իր գլխի վրա» շահին պատասխանեց՝ ասելով․ «Իմ գլխի վրա դա հանգստանալու տեղ ունի»։
Քանի դեռ շահը Վրաստանում էր, այնտեղ էին կաթողիկոսն ու Ամիրգունա խանը, իսկ երբ շահը ելավ գնաց Պարսկաստան, Ամիրգունա խանը և Դավիթ կաթողիկոսը վերադարձան, եկան Երևան՝ խանը իր խանությանը, իսկ կաթողիկոսը՝ իր կաթողիկոսությանը։ Որքան որ շահը Ատրպատականի երկրում էր մերձաքաղաքներում ու գավառներում, Ամիրգունա խանը պատվում էր Դավիթ կաթողիկոսին, քաղցրությամբ էր խոսում նրա հետ շահից երկյուղելով, իսկ երբ շահը հեռացավ, երկյուղը խանի սրտից վերացավ, սկսեց խոժոռվել Դավիթ կաթողիկոսի հանդեպ, չէր պատվում և [հետը] չէր խոսում, իսկ երբ խոսում էր, խրոխտանքով էր խոսում, որովհետև Դավթի Էջմիածին նստելը չէր կամենում, նա Մելքիսեթին էր ուզում։ Այդ պատճառով խանը խոժոռ դեմքով էր երևում և խոսում Դավթի հետ. ոմանք ասում էին, թե խանը ջանում էր ծածուկ հնարներով որևէ կերպ սպանել Դավթին, թշնամական այս գործողությունը, որ խանը անում էր Դավթի հանդեպ, ոմանք ասում էին պատճառը Մելքիսեթ կաթողիկոսի գաղտնի նենգագործությունն էր, քանզի թեպետ