նրան կաթողիկոս է օծել, առել տարել է Երևան քաղաքը և այս բանը հայտարարել է ամբողջ ժողովրդին։ Նաև կոնդակ է գրել ու տվել Սահակ կաթողիկոսին, թե՝ «Թող ծանուցում լինի ողջ հայ ազգին, որ ես ծերացել եմ ու անկարացել, սրա համար հրաժարվեցի կաթողիկոսությունից, իմ որդի Սահակին օծեցի կաթողիկոս և կարգեցի Էջմիածնի Սուրբ աթոռին։ Արդ՝ ով որ մեզ հնազանդ է և խնդրող մեր օրհնությունը, թող հոժարությամբ հնազանդվի սրա հրամաններին»։ Եվ այդպես նրան կաթողիկոս հռչակեց ամենայն հայոց ազգի մեջ, վարդապետների ու եպիսկոպոսների առջև։ Նաև տարավ Ամիրգունա խանի առջև կանգնեցրեց և ասաց, թե կաթողիկոսությունը տվի սրան, որին նաև խանը հավանություն տվեց։ Մելքիսեթ կաթողիկոսը խանից ևս խնդրեց, որ նա խնդրագիր գրի շահին, որպեսզի կաթողիկոսությունը սրան տա։ Մելիքսեթը ինքը ևս աղերսագիր գրեց շահին, թե՝ «Ես ծերացել եմ և անկարող եմ վարել այս իշխանությունը. սա իմ որդին է, խնդրում եմ սրան շնորհես կաթողիկոսությունը»։
Այս բոլորից հետո, որովհետև Սահակը նշանակվեց կաթողիկոս, հրաման ստացավ Մելքիսեթ կաթողիկոսից և Ամիրգունա խանից, այնուհետև Սահակը սկսեց վարել կաթողիկոսական իշխանությունը, իսկ շահի ծառաները նույնպես հավաքվեցին Սահակ կաթողիկոսի մոտ և նրա հետ էին շրջագայում։
Օրեր հետո Սահակն առավ Մելիքսեթ կաթողիկոսի և Ամիրգունա խանի հրամանները, գնաց շահի արքունիքը իր վրա հաստատելու կաթողիկոսությունը։
Իսկ Մելիքսեթ կաթողիկոսը մնաց Էջմիածնում, և պարտատերերը խիստ ճշտությամբ նրանից պահանջում էին իրենց տված պարտքերը․ ամեն օր գալիս աոջևը կտրում և անհանգստացնելով պահանջում էին տված պարտքերը, իսկ նա ոչինչ չուներ, որ տար, և ոչ ոք էլ չէր վստահում նրան պարտք տալ, այլ տեղից էլ ակնկալություն չկար։ Այս սլատճառով Սուրբ Էջմիածնի բոլոր մնացած անոթները, ինչ որ գտնվում էր, նաև մեր Լուսավորիչ սուրբ Գրիգորի որդի Արիստակես հայրապետի աջը, Աղջուց վանքի սուրբ Ստեփանոսի աջը և բոլորը, որ հիշատակեցի, բերել, գրավ էր դրել այլազգի մահմեդականների