շահի սպասին կանգնած էր, որովհետև շահի կնքապահն էր։ Այս այն Թահմազղուլին է, որ շահի հրամանով Էջմիածնի քարերը հանեց, ուղարկեց Սպահան և այս ժամանակից շահի մոտ կանգնած էր սպասի։ Սրան Ամիրգունա խանը գրեց, թե՝ «Այս Սահակին կներկայացնես արքային և սրա բոլոր խնդրանքները նրան կհայտնես, կխնդրես, որ կաթողիկոսությունը սրան տա»։ Սահակը առավ այս նամակները և գնաց Ֆահրապատ, քանզի շահը այդ ժամանակ այնտեղ էր։ Եվ երբ հասավ Թահմազղուլի խանի մոտ, հուսադրանքի շատ խոսքեր լսեց նրանից, թե հոգ մի տանիր, ինչ խնդիր որ ունես արքայից, ամենը կկատարեմ։
Օրեր հետո Սահակին ներկայացրել է արքային, և շահը հարցումով տեղեկացել է նրա մասին, կարդացել է Ամիրգունա խանի և Մելքիսեթ կաթողիկոսի նամակները։ Նաև շահը իմացավ, որ Սահակը Մելքիսեթի եղբորորդին է։ Սահակը ինքը ըստ իր կարողության ընծա է մատուցել շահին, որի հետ կար մի թանկագին ձի։ Երբ Սահակի ընծան բերին թագավորի առջև, թագավորը հարցրեց, թե պարտքի մնացորդը, որ տուգանքից արքունի դիվանին տալու էր Մելքիսեթ կաթողիկոսը, հանձն առնու՞մ ես տալ, թե ոչ։ Սահակը հանձն առավ տալ։ Դրա համար արքան հաճել ու հավանել էր նրա խնդրանքի խոսքերը և Սահակին էր տվել կաթողիկոսական իշխանությունը և ասել՝ շնորհավոր լինի քեզ կաթողիկոսությունդ, այլև Սահակի բերած ձին նույն պարգևներով շնորհել էր [նրան]։
Շահը հրամայեց թագավորական հրաման գրել, որը և գրեցին, բայց մնաց կնքելու և գրանցելու, քանզի թագավորն ու իր գրասենյակը Ֆահրապատից ելնելով գնացին Ղազրին։ Այդ օրերին Սահակը սկսել էր Ֆահրապատից ժողովքը անել։ Թահմազղուլի խանը Սահակին ասաց. «Հրամանագիրը տուր ինձ, որպեսզի ինձ հետ տանեմ, կնքել տամ, իսկ դու մնա Ֆահրապատում ժողովքդ արա, հետո կգաս, քեզ կտամ»: Այսպես անելով Սահակը մնաց Ֆահրապատում, իսկ հրամանագիրը Թահմազղուլին իր հետ տարավ Ղազբին։ Շահն ու իր բանակը այնտեղից եկան Սուլթանիա և Արտտաբիլ ու վերադարձան Սուլթանիա։ Եվ մինչ Սահակը Ֆահրապատի ժողովքն արեց, եկավ Սուլթանիա, Թահմազղուլի խանը նախօրոք գնացել էր Երևան, քանզի Ամիրգունա խանը հիվանդ էր վերքից,