Սրանից հետո քրիստոնյաները [հայերը] Շահսեֆի թագավորից խնդրեցին հրաման Մովսես վարդապետի կաթողիկոսության համար, իսկ շահը հրաման ու թուղթ տվեց Մովսես վարդապետի կաթողիկոսության։ Ապա հայոց ողջ ազգը, որ ապրում էր արևելքում ու արևմուտքում, միաբանվեց գրությամբ ու խոսքով, Մովսես վարդապետին օծեցին կաթողիկոս և նստեցրին Էջմիածնի Սուրբ աթոռին։
Իսկ չար սատանան Մովսես վարդապետի կաթողիկոսությունը ծանր նստեցրեց Սահակ կաթողիկոսի սրտին, որ իր մտքում համարում էր, թե Մովսեսը առանց իրավունքի ինչ-որ հնարքով աթոռը և կաթողիկոսությունը հանել է նրա ձեռքից՝ իրեն կորզելով ընդունել է երկուսն էլ: Եվ մշտապես նախանձ ունենալով իր սրտում՝ սկսեց քինախնդիր լինել։
Իսկ Մովսես վարդապետը, որ կաթողիկոս դարձավ, ուներ միաբաններ ու բազմաթիվ աշակերտներ։ Սուրբ Էջմիածնի նորոգության համար, որ նոր էր սկսել, իր աշակերտներին ուղարկեց նվիրակության [միջոցներ հավաքելու], որպեսզի բերեն իբրև օժանդակություն Սուրբ աթոռ Էջմիածնի նորոգման։ Եվ Փիլիպոս վարդապետը, որ Մովսեսի աշակերտներից մեկն էր, սրա հրամանով նվիրակության գնաց Կարին, Բաղեշ, Վան։ Մինչ Փիլիպոս վարդապետը Վան քաղաքում էր, այնտեղ գտնվեց նաև Սահակ կաթողիկոսը, որ շրջագայում էր այստեղ-այնտեղ։ Եվ դեռ նոր էր դրվել գործի հակառակության սկիզբը, և Փիլիսոփա վարդապետը և Վան քաղաքում եղող երևելի անձեր՝ խաներից խոջա Ամիրխանը, խոջա Թումեն, խոջա Շիրաքը, խոջա Միրաքը, խոջա Փոլատը, խոջա Սարուխանը և ուրիշ շատերը ասացին Սահակ կաթողիկոսին, որ հակառակությունն ու խռովությունը թողնի և այլազգիների դռները դեգերելով չցրի քրիստոնյաների միջոցները։ Փիլիպոս վարդապետը հարուստների համակամությամբ միաբան հանձն առան, որ Սուրբ Էջմիածնից տարեկան երեք հարյուր ղուռուշ ամեն տարի անխափան տան Սահակ կաթողիկոսին իր կարիքների համար ծախսելու, որքան որ սա կենդանի է։ Եվ Ղուռուբաշի վանքը իր եկամուտներով տվին նրան, որպեսզի այնտեղ խաղաղության մեջ նստած մնա։ Եվ թեպետ Փիլիպոս վարդապետն ու խոջաները շատ օրեր բազմիցս խոսեցին