երեսներին, ամոթից չէին համարձակվում շրջել մարդկանց մեջ։
Ապա Պողոս վարդապետը գնաց մեծ քաղաք Կոստանդնուպոլիս, այնտեղից Ուռումելի[1] և այնտեղից՝ Լեհաստան: Որոշ ժամանակ [այնտեղ] մնալով վախճանվեց ու այնտեղ թաղվեց։ Նույնպես էլ Սահակ կաթողիկոսը. քիչ-քիչ գնալով հասավ Կարինի գավառը, այնտեղից գնաց Վրաստան, այնտեղից Արարատյան գավառը և Սուրբ Էջմիածին. մնաց այնտեղ՝ Էջմիածնի Սուրբ աթոռում։
Մարդկային ցավակիր բնույթի համաձայն Սահակ կաթողիկոսի ոտքերին ցավ պատահեց. օրավուր ցավը ավելացավ, որի պատճառով նրա երկու ոտքերն էլ ուռան. օրավուր ուռուցքը ավելացավ, հասավ մինչև փորը և շատ օրեր այդպես մնաց։ Հիվանդությունը խիստ ցավեցնում էր նրան ու շատ տանջում:
Իսկ ցավի նեղությունից մի օր Սահակ կաթողիկոսը խնդրեց իրեն վերցնել, տանել Էջմիածնի սուրբ տաճարը, և ընկնելով Քրիստոսի իջման տեղի վրա, որտեղ Քրիստոսը իջել է, և շատ հառաչանքներով փղձկացող սրտով, հորդաբուխ արցունքներով և ցավագին մարմնով դեմքը գետնին փարելով երկար ժամեր դառնապես լաց եղավ, իսկ արտասուքների հետ պաղատագին խոսքերով ասաց. «Ով տեր իմ և աստված Հիսուս Քրիստոս, քո դատապարտված ծառան եմ և մեղավոր եմ հոգով ու մարմնով։ Եթե քեզ հաճելի է, որ ես կենդանի մնամ, շուտափույթ փրկիր ինձ այս ցավերից և ինձ առողջություն տուր։ Իսկ եթե քեզ հաճելի է, որ ես մեռնեմ, շուտափույթ ինձ մահ տուր, որպեսզի հանգստանամ ցավերիս տանջանքներից»: Եվ այնտեղ միևնույն տեղում, եկեղեցու մեջ կանչել է իր մոտ մի ծեր եպիսկոպոս և խոստովանել իր մեղքերի բոլոր հանցանքները և հավատով ու հույսով հաղորդվել աստվածորդու պատվական մարմնից ու արյունից: Ապա վերցրին տարան այն տունը, որտեղ մնում էր հիվանդ։ Այդ նույն գիշեր մահ է հասնում նրան, ավանդում է հոգին, ավարտում իր կյանքը և հանգստանում ցավի տառապանքներից ըստ իր
- ↑ Այդպես էր կոչվում Թուրքիայի եվրոպական մասը: