թե այսօր-էգուց սահելով հոսելու է այս անապատի տակի գետինը։ Այնպես եղավ, որ ավագ եկեղեցու կիրակի օրը, որ ապրիլ ամսի քսանհինգն էր, երեկոյան եկեղեցի գնալու ժամանակ, արևմուտի մոտ գետինը սկսեց պատռվել անապատի հարավային կողմից՝ բարձր լեռնից այն կողմ և իբրև մրրկաբեր ամպ շարժված գալիս էր լեռան բարձունքից ահավոր դղրդումով, թնդյունով, որոտումով ու ճայթումով։ Ինչպես կայծակնացայտ ամպերի որոտում։ Որոտումն ու թնդյունը այնքան ահավոր էին, մինչև որ Շինուհայր և Հալիձոր106 գյուղերի բնակիչները ձայնը լսել են և ելել իրենց գյուղերի հանդիպակաց տեղը և տեսել այդ արհավիրքը։ Հավիտենական հաստակերտ ժայռերը միմյանցից ճեղքվելով բաժանվում էին։ Ի սկզբանե իրար վրա կառուցված քարերը, որ գետնի հիմքն էին, եռալով բարձրանում էին գետնի երեսը, այդպես նաև տարիների բոլոր ծառերն ու տունկերը՝ թե ընկուզենի, թե կաղնի, սրանց հետ մեծամեծ քարեր ներքև սուզվելով անդունդներում՝ կլանվելով աներևութանում էին։ Մեծամեծ քարերը լեռնից պոկվելով միմյանց հետևից գլորվելով ցած էին գալիս, որոնք միմյանց բախվելով փշրված, խորտակված հեռու էին ցրվում։ Սրանց բախման ուժգնությունից սաստիկ ցնցվում էին բոլոր վայրերը, սրանց դղրդալու և որոտման ձայնը ականջ էր խլացնում և ամենքին սրտաճաք անում։
Եվ որովհետև օրը երեկոյացել էր և ցերեկվա քիչ ժամանակն էլ անցավ, և եկավ գիշերը, սկսեց անձրև թորալ և սաստիկ մթնագիշեր լինել այնպես, որ իրար կողք կանգնածները միմյանց չէին տեսնում։ Անապատի բոլոր բնակիչները անապատից ելան և գնացին հավաքվեցին անապատի արևելյան կողմը՝ քարքարուտ լեռը, և այնտեղ տեղավորվելով՝ ճրագներ և մեծամեծ մոմեր վառեցին։ Ահաբեկ սարսափով կանգնած սպասում էին վերջին և տենչում առավոտյան լույսին։
Շատերը համարեցին, թե անապատը միանգամից քանդվեց սահած այլ գետնի հետ, բայց գթացող աստծու արարչական խնամքը նայելով խեղճ միաբանների մշտապաղատ մաղթանքներին, չթողեց իսպառ ավերվի, այլ՝ մասնակի: