Այս էջը հաստատված է

հայոց 1035 (1586) թվի փետրվարի 20-ին։ Սա երբ կյանքի խոսքը (Սուրբ գիրքը) քարոզում էր, աղբյուրի նման ոռոգում էր ժողովրդի պապակած հոգիները, իսկ ամբողջ ժողովուրդը սիրելով ու հավանելով՝ նրան իրենց քաղաքի առաջնորդ են դարձնում։ Իսկ նա առաքյալի խոսքի համաձայն իր պաշտոնը փառավորում էր[1], քանզի նրա ժամակարգությունը[2] երկնայինների հանդեսին էր նմանվում իր գեղեցիկ ու վայելուչ կարգավորությամբ, երգելով ու եղանակներով, գանձերով ու մեղեդիներով, թագավորներով[3], ալելուաներով։ Իսկ դասը[4] և քարոզը իբրև սովորական գործ ինքը կատարում էր մշտապես, առանց որևէ ծուլության ասում էր դասը և քարոզը։ Նաև իր կյանքը անցկացնում էր ժուժկալութամբ ու պասերով, ինչպես անապատականները։ Սրա իմաստության ու առաքինության համբավը դուրս գալով ամենուրեք հռչակվեց։ Այդ պատճառով նրա մոտ էին գալիս եկեղեցուն նվիրված իմաստության ձգտող պատանիները բոլոր գավառներից Սուրբ գրքի ուսմունքը սովորելու համար։ Իսկ նա կենդանի աղբյուրի ջրի նման ամենքի պապակը զովացնում էր, ուստի Սուրբ գրքի աշակերտների համար դպրոց կարգավորեց և ուսուցանում էր բոլորին, որոնք նույնին աշակերտելու էին մտնում։ Նրա աշակերտներից շատերը եղան երևելի ու անվանի մարդիկ։

Դրանցից էր կեսարացի Գրիգոր վարդապետը, որ գիտակ էր նուրբ ու արտաքին գիտելիքների և էր ճշմարտության դեմ կռվողներին հաղթող ախոյան՝ լինեին մերազնյա, թե այլազգի։

Եվ Բարսեղ մեծանձն վարդապետը, որ Սրապիոն վարդապետից հետո Տիգրանակերտ քաղաքի, այսինքն՝ Ամիդի առաջնորդ նստեց։

Եվ Հովհաննես Ուռհայեցի վարդապետը, որ եղավ Ուռհայացի առաջնորդ, և որը քաջահմուտ էր աստղագիտության և մաթեմատիկայի մեջ։

21
  1. Զպատշօնն իմ փառաւոր առնե (Հռոմ. ԺԱ 13)
  2. Եկեղեցական երգեր, որ ժամագրքերում սկսվում են «Թագաւոր յավիտեան» կաղապարով։
  3. Եկեղեցական ասմունքի համակարգը։
  4. Ժամերգության երկու կարգը՝ աջ և ձախ խմբերի ասմունքը։