նաև տների ու պարիսպների այլ հարկեր։ Իսկ աբեղաները և եպիսկոպոսները, երբ տեսան իրենք չկարողացան վարդապետին հաղթել, գնացին Դարաշամբ և Նախավկայի վանքի բոլոր եպիսկոպոսների հետ միաբանվելով՝ իրենց հետ առան, եկան վարդապետի վրա նման Ամաղեկի111 թագավորների, որոնք միաբանված եկան աստծու զորավար Հեսուի վրա։ Բայց ինչպես նրանք այնտեղ պարտվեցին, այնպես էլ այստեղ՝ սրանք, որովհետև թեպետ շատ անգամ հակառակվեցին վարդապետին, բայց նա բոլորովին չլքվեց բարի առաջընթացից։ Իսկ միաբանված աբեղաները նախանձից ավելի ևս գրգռված՝ գնացին Մելքիսեթ կաթողիկոսի մոտ, որ կաթողիկոսական իշխանությունը կապալով պարսից թագավորից առել էր, և այնքան բարկության մղեցին նրան, մինչև որ շատ անգամ սպառնական ու հանդիմանական խոսքեր ուղարկեց վարդապետին, թե դուրս կգաս մեր երկրից և կգնաս քո երկիրը, ուստի եկել ես, որովհետև մեզ պետք չէ քո խաբեբա և նորաթուխ քարոզությունը, և ոչ էլ քո կեղծավոր վարքը. իսկ եթե ոչ, խայտառակության նշավակ, ծաղր ու ծանակ կդառնաս իմ ձեռքում։ Իսկ վարդապետը այդ բնավ հաշվի չառավ, որովհետև նրա հույսը տիրոջ վրա հաստատուն էր, այլ մշտապես շրջում էր ու քարոզում, շինում էր եկեղեցիներ և բոլորը ուղիղ կարգերով ու դրվածքներով հարդարում։
Իսկ տարիներ անց Մելքիսեթ կաթողիկոսը և Պողոս վարդապետը Նախիջևան քաղաքում հանդիպեցին միմյանց. կաթողիկոսը իր սրտում տարիների կուտակած դառը թույնն ու մաղձը այդ ժամանակ ժայթքեց վարդապետի վրա։ Բազմաթիվ հանդիմանություններից, կշտամբանքներից ու անպատշաճ խոսքերից հետո, որ կաթողիկոսը ասաց վարդապետի երեսին, ասաց նաև՝ թե այն բոլոր եկեղեցիները, որ դու շինեցիր, քո գլխին կքանդեմ։ Եվ հրամայեց նրան ելնել այս երկրից ու գնալ իր տեղը։ Իսկ եթե դարձյալ ուշանա, այնուհետև կհանձնվի աշխարհիկ իշխաններին։ Վարդապետը իր կողմից ոչ մի օգնող չուներ՝ ոչ եկեղեցական և ոչ էլ աշխարհիկ, որովհետև բոլորը վախենում էին կաթողիկոսից, քանզի կաթողիկոսությունը կառավարվում էր թագավորական իշխանությամբ։ Այս պատճառով վարդապետը ճարահատյալ