Այս էջը հաստատված է

Եվ տարոնացի Արիստակես վարդապետը, որ կատարյալ գիտակ էր երաժշտական երգերի ու եղանակների։

Եվ Հովսեփ ու Հովհաննես վարդապետները՝ Հզուից։

Եվ մյուս Հովհաննես վարդապետը Քաջբերունուց, այսինքն՝ Արճեշից։

Եվ Մովսես կաթողիկոսը Սյունյաց երկրից, որ եղավ լուսավորիչ մեր երկրի արևելյան մասի համար և նորոգող Սուրբ Էջմիածնի, որի ծախսերի պատմությունը առաջիկայում անելու եմ։

Էլ ինչո՞ւ երկարեմ, սուրբ վարդապետ Սրապիոնը երևելի ու փառավոր էր ամենքի աչքում, ոչ միայն մեր հայոց ազգի, այլև հոռոմների, ասորիների և մահմեդականների։ Նրա ձեռքում աշխարհիկ ոչ մի գործ ետ չէր մնում, եթե կամենում էր անել։

Այս պատճառով երկու կաթողիկոսներն էլ նրան ողջույնի սիրալիր նամակ գրեցին և ասացին։ «Ահավասիկ մենք՝ տկարացանք, էլ չենք կարող մեծ պարտքերը վճարել, որի մեջ թաղվել ենք։ Ահա և մենք մեր հոժար կամքով հեռանում ենք կաթողիկոսությունից և Սուրբ աթոռի տիրությունից։ Արդ՝ քեզ է շնորհվել ամենը, ինչպես որ արժան ես, կաթողիկոսությունը և աթոռը։ Արդ՝ խնդրում ենք քեզնից զանց չառնես գալու մեր փրկության և մանավանդ քո ծեր և հոգևոր ծնողին Էջմիածնի Սուրբ աթոռի վերականգնման համար»։

Իսկ Սրապիոն վարդապետը, լսելով Սուրբ Էջմիածնի անունը, համաձայնվեց գալ ոչ թե կաթողիկոսության ու փառքի համար, քանզի նա աստծուց ու մարդկանցից փառավորված էր, այլ եկավ լուսասփյուռ աթոռի փրկության համար, որովհետև իբրև հարազատ որդի ցավեց ծերացած ծնողի վրա։ Դրա համար Տիգրանակերտից դուրս գալով և ճանապարհ ընկնելով Վան քաղաքի վրայով, եկավ հասավ Հայաստանի վերնաշխարհը՝ գյուղաքաղաք Ջուղա, որ մեծ և նշանավոր բնակավայր էր այն ժամանակ մեր արևելյան երկրում, քանզի այն ժամանակ [բնակչությունը] տակավին քշված չէր Պարսկաստան։ Այնտեղ գալով՝ Ջուղայում դադար է առնում, իսկ նրա գալստյան լուրը տարածվեց ամեն տեղ. այս լսելով երկու կաթողիկոսների առան իրենց խորհրդակիցներից Հավուց թառի Մանուկ եպիսկոպոսին և մյուսին՝ Խորվիրապի Մանվել

22