Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԻԴ
ՏԵՐ ՄՈՎՍԵՍԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԷՋՄԻԱԾՆԻ ԼՈԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՍՈԻՐԲ ԱԹՈՌԻ ՆՈՐՈԳՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեծահավատ, սրբասնունդ և բարեփառ մեր տեր Մովսես կաթողիկոսը Սյունյաց երկրի Բաղք117 գավառի, որ այժմ Աճանան է կոչվում, Խոտանան կոչված գյուղից էր։ Դեռևս տասնհինգ տարեկան էր՝ ավել կամ պակաս, նրան քահանայության աստիճան տվին և օրհնեցին կուսակրոն աբեղա։ Նրան բախտ վիճակվեց հանդիպել տիեզերալույս վարդապետ Սրապիոնին, որին առնչակից դառնալով՝ աշակերտեց նրան։ Բայց Սրապիոնի վախճանը շուտ վրա հասավ. այդ ժամանակ տեր Մովսեսը ուսմամբ ու տարիքով տհաս էր։ Բայց Սրապիոն վարդապետը մտքով նկարել և հոգով իմացել էր, որ տեր Մովսեսի վրա աստվածային շնորհք է երևում, որի համար սրտացավորեն հոգաց նրա մասին։ Իր մոտ կանչեց իր ավագ աշակերտ կեսարացի Գրիգոր վարդապետին և տեր Մովսեսին նրան հանձնարարեց՝ ասելով․ «Սրան քեզ եմ հանձնում, որպեսզի իմ փոխարեն սրան հովվելով պահես և հասցնելով արբունքի հասակի և վարդապետական ուսման տաս վարդապետական գավազան ու պատիվ, իսկ իմ օրհնությունը լինի քո և սրա վրա»։

Սրապիոնի վախճանից հետո տեր Մովսեսը մնաց Գրիգոր վարդապետի մոտ իբրև նրա աշակերտ։ Քիչ տարիներ անց տեր Մովսեսը թույլտվություն խնդրեց Գրիգոր վարդապետից, որպեսզի գնա Երուսաղեմ ուխտի ու երկրպագության մեջ աստված Քրիստոսի մարդեղության վայրերին։ Նա թույլատրեց, իսկ տեր Մովսեսը եկավ, գնաց հասավ Երուսաղեմ և տիրոջ բոլոր մարդեղության տեղերին ուխտ արեց։ Ապա այնտեղից գնաց Եգիպտոսի երկիրը և շրջեց ղպտիների վանքերն ու անապատները, որովհետև շատ վանքեր ու անապատներ կան, որտեղ բնակված են բազմախումբ միաբաններ կրոնավորական կարգերով ու դրվածքով, որոնք ամեն ինչով կարգավորված են եկեղեցիների, բեմատեղերի, զգեստների, խցակցության, կրոնավորական ժուժկալության և այլ ամեն բաների։ Նրանց մեջ շրջելով, հարցնելով ու տեսնելով՝ ամեն ինչին տեղեկանում էր․ թեպետ ինքը՝ տեր Մովսեսը