և գնալ արևմտյան աշխարհը և այնտեղ գտնված քրիստոնյաներին քարոզել։ Այս դիտավորությամբ ելավ, եկավ Երևան քաղաքը, որպեսզի այնտեղով անցնի, գնա Թեոդուպոլիս, որ Կարին քաղաքն է։
Այս ժամանակ Երևան քաղաքի և Արարատյան աշխարհի մեծ ու հզոր իշխանն էր Ամիրգունա խանը, որը պատահմամբ ու դիպվածով տեսավ Մովսես վարդապետին. խանը սրա մասին հարցրեց իր առջև ծառայող քրիստոնյաներին. սրանք պատասխանեցին որտեղից և ինչպիսին լինելը։ Եղավ, որ մի անգամ էլ խանը պատահեց վարդապետին և որքան տեսնում ու խոսում էր վարդապետը, խանին հաճելի էր թվում, որովհետև աստծու խնամքը իր ծառային բռնավորի առջև շնորհալի է ցույց տալիս։ Խանը Մովսեսին չթողեց գնալ արևմտյան աշխարհը, այլ այնտեղ Երևան քաղաքում արգելեց։ Օրավուր խանը գալիս էր և լսում էր պատարագը և գալիս էր ժամակարգության այլ արարողությունների պահերին և խոսում էր նրա հետ երբեմն իմաստության, երբեմն հավատքի վերաբերյալ և լսում վարդապետի պատասխանները, որոնք ախորժելի էին ու հաճելի և լի աստծու շնորհներով։ Նրա պարկեշտ վարքի համար խանը նրան սիրեց, այդ պատճառով նրան պահեց Երևան քաղաքում՝ նշանակելով կաթողիկե եկեղեցում երեք տարի։
Վաղեմի ժամանակներից սուրբ առաքյալ Անանիայի դամբարանի վրա մի վայելուչ մատուռ կար շինված, որ Երևան քաղաքի հյուսիսային կողմում այգիների մեջ էր. սա ավերակ ու անմարդաբնակ էր. սրա համար խանը վարդապետին ասաց. «Տեսնում ես, այս եկեղեցին, որ ամայի կանգնած է. այժմ լսիր ինձ ու մի գնա ուրիշ երկիր, այլ սա դարձրու քեզ բնակավայր և դադարիր այստեղ, որպեսզի իրար մոտիկությամբ ու տեսակցությամբ մխիթարվենք»։ Նաև ողջ ժողովուրդը՝ քաղաքացիներ, վաճառականներ աղաչելով նույնն էին խնդրում վարդապետից: Սրանց խոսքը հաճելի լինելով վարդապետի համար՝ գործի ձեռնարկեց շինելու տեղը քրիստոնյա տեղացիների ու վաճառականների արդյունքներով ու օգնությամբ, որոնք սիրահոժար տալիս էին ողորմության տուրք տեղի կառուցման և վարդապետի սիրու համար, որպեսզի