տնօրինության տոնին սուրբ հոգու օծմամբ օրհնեցին կաթողիկոս։ Եվ մեր հայոց ազգը չնայած Մովսեսի մահվան առիթով վշտալից եղած տխրեց, սակայն Փիլիպոսի հաջորդությամբ ուրախանալով ցնծաց, որովհետև հոր փոխարեն որդին մնաց հանուր ազգի իշխանը՝ ըստ մարգարե Դավթի վկայության. «Եվ թեպետ Մովսեսը126 վախճանվեց, նրան հաջորդեց Հեսուն, և թեպետ վերացավ Եղիան, նրա փոխարեն Եղիսեոսը մնաց միևնույն հոգով»։
Իսկ երբ վրա հասավ մեր թվականության 1084 (1635) տարին, Կոստանդնուպոլսի թագավոր Սուլթան Մուրադ կոչեցյալը՝ չափազանց խրոխտ, հզոր, հաղթական և խելացի մի մարդ, Կոստանդնապոլսից յոթ հարյուր հազար հեծելազորով ելավ, եկավ Արարատյան աշխարհը։ Նստեց Երևանի բերդի շուրջը, պատեց, պաշարեց այն և ինը օրում գրավեց բերդը իշխան Թահմազղուլի խանին՝ Ամիրգունա խանի որդուն բռնեց, ուղարկեց Կոստանդնուպոլիս, իսկ իր նախարարներից մեկին՝ բարի ու խելացի իշխան Մուրթուզա փաշային, նշանակեց բերդի մեջ իշխան ու տասնհինգ հազար սպառազեն և ընտիր հեծյալներով։ Իսկ ինքն անցավ, գնաց Թավրիզ քաղաքը, այնտեղից վերադարձավ Վանի վրա և գնաց իր տեղը։
Երբ այդ ամառը անցավ և եկավ ձմեռը, երբ մեր թվականության 1085 (1636) տարին էր, պարսից թագավոր Շահսեֆին հարյուր հազար հեծյալներով ելավ, եկավ, մտավ Արարատյան աշխարհը և նստավ Երևանի բերդի շուրջը իննսուներեք օր. մեծ տաժանքով, բազում չարչարանքով և շատ արյան հեղումով հազիվ կարողացավ օսմանցիների ձեռքից Երևանի բերդը ետ գրավել։ Այս երկու ինքնակալ թագավորների շարժումից ավերվեցին, ոչնչացան երկրներ արևելք և արևմուտք, մանավանդ Արարատյան աշխարհը իր շրջակա գավառներով։ Որովհետև երկու թագավորներն էլ իրենց հեծյալներով ու հետևակներով այնտեղ միանալուվ՝ կատարեցին իրենց գործը և ետ դարձան։
Իսկ Սուրբ աթոռ Էջմիածինը բացի եկեղեցուց և գմբեթաշեն տներից բոլորը լրիվ ավերվեցին. ինչ որ փայաշեն շենքեր կային, քանդվեցին։ Այս պատճառով Փիլիպոս կաթողիկոսը բազմաշխատ չարչարանքով բոլոր շենքերը նորից շինեց։ Միայն փայտաշեն շենքերի համար հազար ղուռուշ