սիրտը․ նա շնորհ արեց հայրապետին, կատարեց նրա խնդրանքը և գրով, թագավորական կնիքով հրաման տվեց, որ ջուղայեցիք սուրբ Լուսավորչի աջը տան տեր Փիլիպոս կաթողիկոսին։ Երբ Փիլիպոս կաթողիկոսը առավ թագավորի հրաման-հրովարտակը, բերեց խոջա Սաֆարի թոռների մոտ, որովհետև որդիները վախճանվել էին, թոռների անուններն էին՝ Ջալալ, Միքայել, Սինան և Պստիկ աղա։ Սրանք չկամեցան աջը տալ, կաթողիկոսը սրանց մեծ բարկությամբ սաստեց, իսկ նրանք վախենալով նրա սրբությունից և հայրապետական անեծքից, փափկեցին համառությունից։ Եվ տեր Փիլիպոս հայրապետը բազմաթիվ քահանաներով ինքը գնաց խոջա Սաֆարի տունը, այնտեղից աջը առավ և բերեց Խոջենց եկեղեցին։ Կիրակի օրը պատարագ տվեց և աջը բաց արեց։ Այս լուրի վրա բոլոր ջուղայեցիները հավաքվեցին, ուխտ արին և տակավին ընդդիմանում էին և չէին թողնում աջը տանել։ Այս պատճառով այնտեղից աջը գաղտնի հանեցին, բերին Ջուղայի վանքը, այնտեղից գաղտնի տարան քաղաք երևանցիների մեջ, այստեղից էլ թաքուն հանին, տարան Բրինջլուի իջևանատունը և դրին մի քրիստոնյա (հայ) վաճառականի բեռների մեջ, որի անունն էր Մարգարա, որ Գողթան գավառի Ցղնա գյուղից էր և վաճառականության համար եկել էր Սպահան։ Նա աջը բեռան հետ միասին առած վաճառականական կարգով նախապես գնում հասնում է Թավրիզ, որից ջուղայեցիք ոչ մի տեղեկություն չունեին: Ապա Փիլիպոս կաթողիկոսը Սպահանից ելավ, գնաց Թավրիզ, աջը Մարգարայից առավ, բերեց հասցրեց Էջմիածին՝ նույնի (աջի) սեփական աթոռը։ Եվ այս անպատմելի ուրախություն պատճառեց բոլոր հայերին, որովհետև երբ բոլորը լսեցին, ցնծության ձայնով, մեծ գոհունակությամբ օրհնում էին աստծուն՝ քրիստոնյաներին հասնողին: Սուրբ Լուսավորչի աջի Սպահանից Սուրբ Էջմիածին իր աթոռը գալը տեղի ունեցավ մեր 1087 (1638) թվականի սեպտեմբեր ամսի 20-ին։
Սուրբ հայրապետ Փիլիպոսի կաթողիկոսոթյունը օրավուր զորանում ու հաստատվում էր, որովհետև տերը նրա հետ էր, քանզի վարքով խիստ ճգնող, պաս պահող, մտքով սրբախորհուրդ, աղոթքներում անձանձիր, խոսակցությունը աստվածային