Եվ այն դպրոցը, որ Հովհանավանքում հաստատեցին, սա ևս ամուր հաստատեց և ուսումով ու առաքինությամբ վարժեցնելով հասցրեց կատարելության և տարիներ հետո Հովհանավանքից փոխեց, բերեց Սուրբ էջմիածին և դպրոցը այնտեղ հաստատեց, որտեղ բոլորը սովորեցին և եղան պիտանի մարդիկ՝ վարդապետներ, եպիսկոպոսներ, քահանաներ: Եվ վաղուց ի վեր խափանված վանքերը լցվեցին աբեղաներով, իսկ գյուղերն ու քաղաքները՝ քահանաներով, և դեռևս օրավուր աճում է նույն դրվածքով։ Եվ սրանով բազմաթիվ կիսավեր ու խախտված եկեղեցիներ նորոգվեցին և գյուղերում, քաղաքներում շատ եկեղեցիներ նոր շինվեցին հրաշալի հորինվածքով, պայծառ ու փառավոր ամեն որպիսությամբ։
Էջմիածնի բոլոր շինություններից հետո, որոնք սուրբ հայրապետ Փիլիպոսը արեց, այնուհետև ձեռնարկեց, որպեսզի սրբուհի կույսեր Գայանեի և Հռիփսիմեի տաճարները նորոգի։ Որովհետև, ինչպես քիչ չափով նշեցինք Հռիփսիմեի վերաբերյալ գլխում երկու կույսերի տաճարների ավերակների մասին, որտեղ և պատմեցինք, թե ինչպես ֆռանկ հայրերը եկան և նրանց նշխարները գտան։ Բայց սուրբ Գայանե կույսի տաճարը ավելի ավերված էր, որովհետև ողջ տանիքը իջած էր, միայն շուրջանակի պատերը և չորս սյուներն էին կանգուն մնացել, գլուխը բաց, պատերի հիմքերը այստեղ– այնտեղ ծակռտված, խրամատված։ Սրանց նորոգման սկիզբը տեր Փիլիպոս կաթողիկոսը դրեց։ Մեծատենչ կարոտով ու ջանքով և շատ դրամ ծախսելով հիմքից մինչև գմբեթի ծայրը գեղեցկաշեն նորոգեց, որի վրա դրեցին տերունական խաչի նշանը [խաչը]։
Սուրբ կույս Գայանեի եկեղեցին նորոգելիս գտնվեցին սրա և նրա ընկերների նշխարները։ Անպատմելի ուրախություն պատճառեց ամբողջ հայ ազգին որպես վերականգնում կործանված թագավորության։ Որովհետև ամենքը խորհում ու մտածում էին սուրբ կույսերի նշխարների մասին՝ արդյոք տեղու՞մ են, թե ոչ, քանզի ավագ խորանի ներքո շինված մատուռը, որ այս սրբերի նշխարների հանգստյան շիրիմն էր, ավերված էր ամբողջովին, ոչ միայն մատուռը, այլև նրա