համար: Վստահելի մարդկանց այս գործի համար հոգաբարձուներ նշանակեց, որոնք մեծ ջանքով ու աշխատանքով ութ ամսում հավաքեցին ժողովրդի նվերները և վճարեցին ամբողջ պարտքը, և եկեղեցին ազատեցին պարտքերից հավիտյան օրհնյալ մեր Քրիստոս աստծու շնորհներով. ամեն։
Տեր Փիլիպոս կաթողիկոսի արդյունավետ գործունեության, աստվածաբանական վարպետության և առաքինական ճգնության համբավը, ինչպես բոլոր երկրներում, սփռվելով տարածվեց, այնպես էլ հասավ Լվով քաղաքը։ Լվով քաղաքի Նիկոլայոս անվանված եպիսկոպոսը իր հոգում հասկացավ, որ առանց որևէ կասկածի ու երկբայության իր վերքերի դեղն ու սպեղանին և ձախողված գործերի ուղղությունը սույն հայրապետից և հոգևոր բժշկից է լինելու, ուստի առանց դանդաղելու ելավ Լվովից, եկավ Կոստանդնուպոլիս հայրապետի ոտքը և հնազանդությամբ հանձն առավ նրա հրամանների կարգն ու կանոնները, որով և (ստացավ) կաշկանդումների արձակում և եպիսկոպոսական իշխանություն։ Ապա մեծ ուրախությամբ դարձավ, գնաց իր քաղաքը՝ Լվով։ Դու այս պատմության ամեն որպիսությունր, եթե կամենաս, նույն լվովցիների վերաբերյալ գլխից կսովորես, որ հետագայում դասակարգել եմ. այնտեղ լրիվ շարադրել եմ ըստ իր պատշաճի [1]։
Տեր Փիլիպոսը, ապրելով Կոստանդնուպոլիս քաղաքում, բազմաթիվ բարի գործեր և ուղիղ կարգեր հաստատեց այնտեղ եկեղեցականների ու աշխարհականների համար և ապա բազմաթիվ թանկագին եկեղեցական անոթներով ու առտնին կարասիներով ելավ Կոստանդնուպոլսից, ճանապարհ բռնեց, եկավ, հասավ բարձրագահ աթոռ Սուրբ Էջմիածին․ սուրբ կույս աստվածածնի փոխման տոնին128 մտավ Էջմիածին։ Փիլիպոս կաթողիկոսի գնալ–գալը տևեց երեք տարի, որովհետև 1100 [1651] թվականին գնաց Երուսաղեմ, 1101 թվականին մնաց Կոստանդնուպոլսում և 1102 [1653] թվականին եկավ Էջմիածին։
Երբ եկավ 1103 [1654] թվականը, ավագպասի129 օրերում սկսեց հիմք դնել Սուրբ էջմիածնի զանգակատան (շինարարարությունը),
- ↑ Տե՛ս ստորև գլուխ ԻԸ: