զորքի վրա, որ այնտեղ էին բնակվում և գրավել էին Թավրիզը ու նրա գավառները:
Եվ երբ շահը ելավ Սպահանից Թավրիզ գալու, հանվանե վերոհիշյալ մարդկանց բոլորին առավ իր հետ, և արագընթաց ու օդասլաց երիվարներով Սպահանից ելնելով՝ շուտով քիչ օրերի ընթացքում հասավ Թավրիզ։ Օսմանցիների զորքը բնավ չիմանալով պարսիկների գալը, որովհետև ոչ թև շատ օրերի ընթացքում, այլ քիչ օրերում հասավ Թավրիզ։ Իսկ երբ Շահ-Սբասը հասավ Թավրիզ, բանը հաջողակ ստացվեց նրա համար, որովհետև Թավրիզի Ալի Փաշա անունով տերը, որ այդ երկրի պաշտպան, օսմանյան բոլոր զորքերի հրամանատարն էր, իր ողջ քսան հազար զորքով հավաքվեցին միասին, գնացին Սալմաստ գավառը նախապես հիշատակված քուրդ պարոնի՝ Ղազի խանի վրա, որովհետև օսմանցիներին հայտնի էր եղել, որ Ղազի խանը հեռացել է օսմանցիների դաշինքից, դարձել է պարսիկների դաշնակից, և իր հավատարմատարին՝ Ավդալ խանին ուղարկել է շահի մոտ։ Այս պատճառով օսմանցիների զորքը հավաքվեց և գնաց Սալմաստ Ղազի խանի վրա։ Իսկ Ղազի խանը օսմանցիների զորքի հասնելուց առաջ ելավ Սալմաստից, գնաց Ուրմի գավառը և մտավ Ուրմիի ծովակում գտնվող մի անառիկ բերդ, որ կոչվում է Գոգարչին բերդ[1] և այնտեղ ամրացավ։ Իսկ Ալի փաշան ու օսմանցիների զորքը գալով Սալմաստ՝ տեսան, որ Ղազի խանը գնացել է Ուրմի, իրենք չգնացին Ուրմի, որովհետև նախ կամեցան Սալմաստի այն երկրամասն ու բերդը գրավել, ենթարկել իրենց իշխանության և հետո գնալ Ուրմի Ղազի խանի վրա, քանի որ Սալմաստի երկրամասում կար մի ամուր բերդ, որը կոչվում էր Ղառնիյարուխ։ Սրա շուրջը կռիվ բորբոքեցին և մինչև երեք ամիս օսմանական զորքը մնաց այնտեղ, պատերազմեցին բերդի դեմ, բայց չկարողացան գրավել։
Այն օրերին, երբ օսմանցիները Ղառնիյարուխ բերդի դեմ ճակատամարտում էին, շահը եկավ հասավ Թավրիզ: Քաղաքը թողեց, անցավ եկավ օսմանցի զորքերի դեմ։ Իսկ օսմանցիք, երբ զգացին պարսիկների գալը և ստույգ իմացան,
- ↑ Նշանակում է Աղավնաբերդ: