հարստացավ եկեղեցական անոթներով, ոսկով ու արծաթով, թանկագին զգեստներով, պատվական գրքերով, բազմաթիվ վարդապետներով: Այդպես էլ [հարստացավ] առտնին սպասքներով, կահկարասիով, պղնձեղենով, բրդեղենով և այլ այսպիսի բաներով։ Նաև (շատացան) կենդանիների նախիրները՝ ուղտեր, ջորիներ, մատակ ձիերի երամակներ, ոչխարների հոտեր, խոշոր անասունների նախիրներ, նաև արտեր, այգիներ, ծաղկաստաններ։ Նա բազմազան ձևերով հոգևոր ու մարմնավոր գործերի մեջ օգտակար էր լինում երկրին, որովհետև բերդի նման ամուր էր նա հայոց ազգի շուրջը ընդդեմ մահմեդականների, որոնք չէին կարողանում հարստահարել, զրկել հայերին, քանզի բոլոր հակառակորդ թշնամիները, որոնք լեռան նման հզոր դեմ էին կանգնում, բոլորը խորտակված մեջտեղից վերացան՝ լինեին եկեղեցականներ, թե աշխարհականներ, այլասեռ ու այլազգի փառավոր իշխաններ:
Եվ նա մնաց աշխարհում մինչև ծերության ժամանակը՝ լինելով վաթսուներեք տարեկան հարգարժան, մեծաշուք բոլոր ազգերի մոտ՝ հայերի, հոռոմների, վրացիների, օսմանցիների, պարսիկների, մեծամեծ իշխանների, մինչև իսկ թագավորների։
Եվ այն օրից հետո, երբ ստանձնեց վարդապետական իշխանություն, անխափան զբաղվեց քարոզությամբ ու խրատներով՝ գյուղերում, քաղաքներում, վանքերում, անապատներում և ամենուրեք, և ինչ որ քարոզում ու խրատում էր, չէր սխալվում, այլ բոլորը արդյունավորվում, պտղաբերում էին։
Իր վախճանի մոտիկ օրերին տեր Փիլիպոս կաթողիկոսը Սուրբ Էջմիածնում էր։ Աղուհացքի օրերում՝ չորրորդ կիրակի օրը ըստ իր մշտական սովորության նստեց աթոռին և սկսեց այդ կիրակվա քարոզն ասել, որի բնաբանն էր․ «Մի հարուստ մարդ, որը ուներ մի տնտես․ սրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե նրա ունեցվածքը վատնում է»[1]։ Մեկնաբանելով հասավ այն խոսքին, որ ասում է․ «Չես կարողանա այլևս տնտես լինել»[2]։ Այստեղ խոսքը վերջացրեց։ Իսկ