է։ Սա Փիլիպոս կաթողիկոսի օրերում նույնպես սկսեց նորոգել սուրբ Կարապետի վանքը, որովհետև նախապես եղած բոլոր շենքերը միանգամից քանդեց, վերացրեց մեջտեղից՝ եկեղեցին, տները, խցերը և պարիսպը, ապա շուրջանակի լայն, ընդարձակ հաստ ու բարձր պարիսպ գցեց, իսկ մեջը իրենց և հյուրերի բնակության համար տներ, ապարանքներ (շինեց)։ Առավելապես եկեղեցին կառուցեց հին եկեղեցու տեղում՝ լայն ու ընդարձակ, բարձր կամարներով ու գմբեթով, սրբատաշ քարերով չորս սյուների վրա։ Ամբողջ եկեղեցին հիմքից մինչև նրա գագաթը ավարտեց, ծանր աշխատանքով, մեծ ծախսերով ավարտեցին բոլոր կառույցները և 1102 [1653] թվականի հոկտեմբեր ամսի տասնյոթին եկեղեցին օրհնվեց մեծահանդես նավակատիքով ի փառք աստծու։
Այսպես նաև Զաքարիա վարդապետը, որ Էջմիածին գյուղից էր, առաջնորդն էր Հովհնավանքի մեծափառ միաբանության․ սա էլ Մովսես կաթողիկոսի աշակերտներից էր, երկրում երևելի և փառավոր մարդ էր, շատ խելոք, ճարտարախոս, մտքով ու խելքով հմուտ, դեմքով ահարկու։ Սա էլ Փիլիպոսի օրերում ձեռնարկեց Հովհանավանքի եկեղեցիներն ու տները վերանորոգելուն, որովհետև պարիսպը, որ շուրջանակի էր, միակ պարիսպն էր, իսկ մնացած բոլորը անպետք, վատ, և բոլոր եկեղեցիների տանիքներն ավերված ու քանդված էին։ Զաքարիա վարդապետը հավաքեց բազմաթիվ վարպետներ՝ քարհատներ, հյուսներ, դարբիններ, և ձեռնարկեց նորոգելու վանքերը։ Նախ բոլոր տներն ու խցերը շինեց, վերջացրեց, ապա անցավ եկեղեցիներին, բայց հապճեպ, քանի որ երկու տարում ավարտվեց եկեղեցիների նորոգումը, քանզի առատորեն դրամ մեջտեղ դրեց, որ տալիս էր աշխատողներին։ Երեսուն քարտաշներ միշտ նստած քար էին տաշում, երկու ճարտար որմնադիրներ մշտապես շարում էին, իսկ ուրիշ վարպետներ ու գործավորներ շատ շատ էին, այս պատճառով շուտափույթ ավարտվեց։ Քարն ու կիրը ձորի այն կողմից ձիով էին բերում։ 1101 [1652] թվականին պրծան գործից և խաչվերացի տոնին խաչը օրհնեցին, որ դրված էր գմբեթի ծայրին, և գոհացան աստծուց։
Իսկ ինքը Զաքարիա վարդապետը կատարյալ մարդ էր և երկրին խիստ պիտանի. թեպետ շատ ծերացել էր, բայց ապրեց