մինչև մեր 1108 [1659] թվականը, երբ և վախճանվեց։ Նախքան իր վախճանը ինքը փորեց իր գերեզմանը և պատրաստեց տապանաքար։ Հուլիս ամսի տասին վարդավառի տոնի օրը այս կյանքը փոխեց մահով և ավելացավ տիրոջ հանգստով։ Սրան թաղեցին իր պատրաստած գերեզմանում իր տապանաքարով։ Այնպես պատահեց, որ սա վախճանվեց Սուրբ Էջմիածնում։ Եվ քանի որ նա հարազատի նման ու ցավակցաբար Սուրբ Էջմիածնի սպասավորությունը հոգում էր իր լավագույն խորհրդով և հմուտ խելքով, հարմար ու պատեհ առանձնացնում և ընտրում էր բոլոր խորհուրդներն ու խոսքերը, ուստի այնտեղ Սուրբ Էջմիածնում էին պահում մշտապես, այս պատճառով այնտեղ վախճանվեց և այնտեղ թաղվեց զանգակատան առջև արևմտյան կողմից, որի հիշատակը օրհնությամբ լինի, իսկ նրա աղոթքներով մեզ ողորմի։
Այն ժամանակ Փիլիպոս կաթողիկոսի օրերում վերստին շինվեց սուրբ առաքյալ Թադեոսի վանքը, որ Արտազ գավառում է, Մակու136 գյուղում, որովհետև բոլոր շինվածքները միանգամից ավերված էին։ Այս ժամանակ Մկրտիչ անունով ոմն եպիսկոպոս իր միաբաններով, աբեղաներով, սարկավագներով, որոնք բոլորը նույն Մակու գյուղից էին, որ չնայած աղքատ էին, և հարստությունից զուրկ, բայց բոլորը վառվեցին սուրբ առաքյալ Թադեոսի սիրով, հույսը դրին ամենազոր աստծու ողորմության և սուրբ առաքյալ Թադեոսի բարեխոսության վրա, ձեռքները գործի զարկեցին և սկիզբ դրին վանքի շինության։ Նախ սկսեցին տաճարը շինել, որի արևելյան և հյուսիսային կողմերի պատերի մինչև կեսն էր միայն շեն մնացել, էլ ուրիշ ոչինչ, սրանք ամբողջը միանգամից մինչև գմբեթի ծայրը ներքուստ ու արտաքուստ սրատաշ քարերով ամուր ու գեղեցիկ շարեցին։ Տաճարի կառուցման գործը ավարտվեց 1099 [1650] թվականին։ Տաճարի կառուցումից հետո նույն հույսով, որ ունեին աստծու վրա, սկսեցին մշակված քարով ու կրով ժամատունը կառուցել, իսկ սա ավարտվեց 1102 [1653] թվականին։ Սրանից հետո շինեցին սուրբ կույս Սանդուխտի վկայարանը։ Ապա շինեցին Նահատակ անվանված եկեղեցին, որ գտնվում է սուրբ առաքյալ Թադեոսի նահատակության տեղում։ Այս բոլոր