կառույցները ավարտվեցին աստծու շնորհներով ու ողորմածությամբ: Նույն Մկրտիչ եպիսկոպոսը և իր միաբանները գտնվում են այնտեղ և պաշտում են աստծուն ու նրա սրբերին՝ ակնկալելով աստծու ողորմությունը, որին փառք հավիտյանս. ամեն:
Տեր Փիլիպոս կաթողիկոսի օրերում սրանց նման շինվեց նաև սուրբ Գևորգ զորավարի վանքը, որ Մուղնի137 գյուղում է, իսկ սա մոտ է Կարբի գյուղաքաղաքին, Մարտիրոս եպիսկոպոսի սպասավորությամբ և ծախսով, որ նույն Մուղնի գյուղից էր, նույն վանքի եպիսկոպոս։ (Սուրբ Գևորգի) եկեղեցին շատ փոքր էր և մյուս շինվածքները անպետք ու անհարմար, սրա համար այս Մարտիրոս եպիսկոպոսը եղած եկեղեցին և մյուս բոլոր շինվածքները միանգամից վերացրեց։ Նոր պարիսպ քաշեց շուրջանակի, հասարակ իսկ պարսպի մեջ չորս սյուների վրա կառուցեց վայելուչ եկեղեցի, պարսպին կից տներ, խցեր, ամենը շինեց, ավարտեց և թողեց իրեն բարի հիշատակ աստծու և մարդկանց առջև, ինքն էլ այնտեղ թաղվեց՝ սուրբ Գևորգին բարեխոս բռնելով իր և բոլոր քրիստոնյաների համար:
Այսպես էլ սուրբ Սարգիս զորավարի վանքը, որ Ուշի138 գյուղում է, շինվել է մեր մեծ վարդապետ Սուրբ Մեսրոպի կողմից։ Սա ևս մոտ է Կարբի գյուղին, որ Արագած լեռան ստորոտում է: Այս վանքը նորոգվեց Ոսկան վարդապետի ձեռքով, որ Երևան քաղաքից է և Փիլիպոս կաթողիկոսի աշակերտներից։ Չնայած եկեղեցին կար վայելուչ, սրբատաշ քարով շինված և բարձրաբերձ գմբեթով, բայց բոլոր եկեղեցիների տանիքները քանդված ու ավերված էին։ Եկեղեցիները իրենց տեղերում միայնակ էին, սակայն շրջապատում բնավ շինություն չկար, այլ սաստիկ քարուտ էր։ Իսկ Ոսկան վարդապետը թեպետ չկարողացավ եկեղեցիների տանիքները նորոգել, քանի որ այնքան միջոց չուներ, բայց մեծ չարչարանքով և երկար աշխատանքով եկեղեցու չորս կողմը պեղեց և շուրջանակի խիստ ամուր պարիսպ քաշեց։ Պարսպի մեջ ըստ պատշաճի խցեր, տներ շինեց և ինքը այնտեղ է բարվոք կարգավորությամբ՝ հույսը դրած աստծու որորմության վրա սուրբ Սարգիս զորավարի բարեխոսությամբ։