Այս էջը հաստատված է

ապա եկ մատուցիր քո պատարագը»[1]։ Այն գործի համար, որ եպիսկոպոսը փակեց եկեղեցին, վարդապետը շատ վշտացավ, ուստի ասաց. «Անիծվի այն մարդը, որ այսօր գնա այն եկեղեցին»: Պատարագը ավարտելուց և նորընծային դուրս բերելուց հետո եկեղեցու դուռն էլ փակեց, և երկու եկեղեցիների դռներն էլ եղան փակ։ Այդ օրերը ավագ տոների օրեր էին. նույն կիրակվանից հետո եկող երկուշաբթի օրը Դավիթ մարգարեի և տեր Հակոբի եղբոր տոնն էր, երեքշաբթի օրը Ստեփանոս Նախավկայի տոնն էր։ Այս օրերին եկեղեցիները փակ մնացին առանց ժամի ու պատարագի։

Ի լրացումն սրանց Նիկոլը մի այլ նենգություն ևս արեց վարդապետի նկատմամբ և վշտացրեց նրան, որովհետև գնաց Կամենից քաղաքի քաղաքագլխի մոտ. սա մեծ իշխանի կողմից Կամենից քաղաքի վերակացու էր կարգված, որի անունն էր Լուքաշ։ Եպիսկոպոսը սրա հետ խոսեց և նրան համոզեց, որ վարդապետին արգելի, չթողնի Լվով կամ այլ քաղաքներ գնալ, այլ Կամենից դարձնի նրան, ետ դառնա իր եկած ճանապարհով և գնա այլ երկիր։ Ուստի Լուքաշ անունով քաղաքագլուխը վարդապետի մոտ պատգամավոր ուղարկեց՝ ասելով, թե՝ «Մեր մեծ իշխանը մեզ թուղթ է ուղարկել, թե այդ վարդապետը, որ թուրքի երկրից է եկել, լրտես է եղել, չի թույլատրվում քաղաքից դուրս գալ, մի թողնեք, որ գնա, եթե ոչ ձեր գլուխը կգնա»։ Այսպիսի խոսքերով վարդապետին արգելեցին գնալ, իսկ վարդապետը այնտեղ մնում էր իբրև նախնական կալանատան մեջ։ Ապա քաղաքի ժողովրդից բարեպաշտ մարդիկ գնացին քաղաքապետի մոտ և նրան հայտնեցին վարդապետի անմեղությունը։ Ապա վարդապետին թույլատրվեց, որ ելնի գնա ոչ թե Լվով, այլ ետ այնտեղ, որտեղից եկել էր։ Վարդապետը Կամենիցից ելավ, գնաց Մոլդավիա ու Եվրոպական Թուրքիա և ճանապարհից բանադրանքի, նզովքի ու կապանքի թուղթ դրեց Նիկոլի վրա և ուղարկեց Լվով։ Նիկոլը բանի տեղ չդրեց բանադրանքը, այլ մնում էր իր [հոգևոր] կարգի և քահանայագործության մեջ։ Բայց քահանաներից ու ժողովրդից

  1. Մատթ. Ե 23