ողորմությունը օգնեց, որովհետև ոմանց շատ, ոմանց քիչ ինչքեր տվեց և ազատվեց նրանց ձեռքից, որ չտարան բերդը, մնաց գավառում, մինչև շահը եկավ Երևան։
Շահ-Աբասը իր գալուց առաջ Թավրիզից Զուլֆիղար խանին ուղարկեց Նախիջևան՝ մնալու այնտեղ և տիրելու քաղաքը մինչև իր գալը։ Զուլֆիղար խանը գնաց և արեց այնպես։ Եկավ, Նախիջևանի բերդի մոտ բանակ գրեց, նստեց, այնքան մոտ էր, հրացան կրակեին, գնդակը կհասներ։ Այդ պատճառով Զուլֆիղար խանի բարեկամները ասացին նրան, թե զգույշ պահիր քեզ, որպեսզի օսմանցիք հրացանով չխփեն քեզ։ Սրանց պատասխանեց ժպտալով և օսմանցիներին անարգելով, թե նրանց հրացանը իմ աչքերին կդիպչի: Ապա երկրորդ օրը Նախիջևան քաղաքի իշխանների մոտ պատգամավորներ ուղարկեց, թե հրացան կամ նետ մի արձակեք, որովհետև ես քիչ մարդկանցով գալիս եմ ձեզ մոտ ձեզ հետ բանացելու իրավունքով և օրենքով։ Եվ առնելով իր հետ քսան հոգի՝ բանակից դուրս եկավ ու ոտքով գնաց քաղաք։ Հասնելով քաղաքադռանը՝ նստեց այնտեղ։ Երբ նրա մոտ հավաքվեցին քաղաքի բոլոր իշխանները, Զուլֆիղար խանը այնժամ ասաց օսմանցի իշխաններին. «Արդ ու՞մ հույսին կամ ո՞ր օրվան եք սպասում, քանի որ ոչ թե ես եմ եկել ձեր դեմ պատերազմելու, կամ թե ինձ նման մի խան, այլ ինքնակալ թագավորն է մեծ բանակով եկել և իր երկիրն է պահանջում։ Իսկ դուք ի՞նչ ուժով կարող եք դիմագրել ու նրա դեմ պատերազմել։ Արդ՝ բարեկամի խոսք եմ ասում ձեզ, քանի որ ինձ այսպես բարի լինել է թվում նաև ձեզ բարի պետք է թվա: Հենց այժմ դուք բոլորդ ձեր ընտանիքներով ու ունեցվածքով ելեք, խաղաղությամբ գնացեք և համառելով մի հակառակեք ու պատերազմեք, որովհետև միգուցե պարտվեք ու մատնվեք ոչնչացման, իսկ ձեր ընտանիքները գերություն տարվեն և ձեր ունեցվածքը ավարի ենթարկվի։
Այդ ժամանակ իշխանները և օսմանցիք համաձայնեցին ու նրանից խնդրեցին սահմանված օրեր, որ քաղաքից ելնեն. խանը այդպես էլ արեց։ Այնուհետև բոլոր օսմանցիները սկսեցին Նախիջևան քաղաքից ելնել և բանակ դրին քաղաքի մի կողմում, մինչև որ բոլորը հավաքվեցին այնտեղ։ Եվ մինչդեռ օսմանցիները դուրս էին գալիս քաղաքից, ղզլբաշի13