այնտեղ, մինչև որ Նիկոլ եպիսկոպոսն ու Խաչքո դատավորը Կոստանդնուպոլսից վերադարձան, եկան Լվով։
Երբ Հոհան վարդապետը տեսավ, թե ժողովուրդը ընդդիմանում է եպիսկոպոսին և չի կամենում նրան հնազանդվել, սկսեց միջնորդել ժողովրդի և Նիկոլի միջև վերացնելու համար երկար ժամանակվա շփոթ վիճակն ու խռովությունը։ Երկար օրեր շատ խրատներով, քարոզով, ուսուցանելով, առանձին խոսելով ժողովրդի և եպիսկոպոսի հետ, մեծ ջանքով ու շատ աշխատանքով հազիվ կարողացավ համոզել ժողովրդին, որ հնազանդվի եպիսկոպոսին։ Ապա Հոհան վարդապետը, միասին առնելով ժողովրդին ու եպիսկոպոսին, բերեց մտցրեց իրենց եկեղեցին, որ եպիսկոպոսը հափշտակել էր։ Երբ ժողովուրդը եկեղեցի մտավ, ինչպես գառների խառնումը ոչխարների հոտին՝ իրենց մայրերին, գոռում-գոչում, ողբում աղիողորմ լաց, փղձկացող սրտով հորդառատ արտասուք էր թափում ժողովուրդը աչքերից մեծ հառաչանքով այն սարսափելի կարոտի ու փափագի համար, որ տածում էր եկեղեցու հանդեպ։ Այնտեղ եկեղեցում նույն ժամին Հոհան վարդապետը սկսեց մխիթարել ժողովրդին Աստվածաշնչից, սրբերի վարքից ու օրինակներից, որի խոսքերի վրա ժողովրդի սիրտը զովանում էր։ Եվ բոլորին հաշտեցնելով եպիսկոպոսի հետ՝ թե ժողովուրդը, թե եպիսկոպոսը մխիթարվելով ուրախացան վարդապետի արարքով և գոհությամբ օրհնում էին ամենքի աստծուն։
Հաշտության լուրը հասավ լեհերի թագավորին, որի անունն էր Յանգյաժիմիր, քանզի այս օրերին թագավորը Լվով քաղաքում էր։ Թագավորը իր մոտ կանչեց Հոհան վարդապետին և առանձին սենյակում նրա հետ երկար խոսեց և լսեց խելոք ու հաճելի խոսքերով պատասխաններ։ Թագավորը սիրեց վարդապետին և շնորհակալություն հայտնեց նրան միջնորդության և ժողովրդին ու եպիսկոպոսին հաշտեցնելու և երկար ժամանակի խռովությունը վերացնելու համար։
Հոհան վարդապետը այնտեղ մնաց մի կլոր տարի, ապա վերադարձավ, եկավ Սուրբ Էջմիածին։ Իսկ Լվովի ժողովուրդն ու Նիկոլ եպիսկոպոսը մնում են նույն պայմանագրության վրա, որ սահմանեցին Փիլիպոս կաթողիկոսն ու Հոհան