Սրանք մայրաքաղաք Սպահանում լինելով, որ պարսից բուն մայրաքաղաքն է, պարսիկներից փիլիսոփա մարդիկ գալիս էին հարցաքննություն և հակաճառություն էին անում․ տեր Սիմոնը բոլոր եկողներին հիացնում էր փիլիսոփայական գիտությամբ, բնագիտությամբ պատասխան տալով նրանց։ Ջուղայեցի առաջավոր մարդիկ, տեսնելով սրա արժանիքները՝ վկայեցին Խաչատուր վարդապետի առջև, նաև հենց ինքը Խաչատուր վարդապետը, տեսնելով նրան աստվածային շնորհներով օժտված, կանչեց նրան գերագույն պատվի ու աստիճանի և տվեց նրան վարդապետական գավազան, որը քարոզության հորդաբուխ խոսքերով բերկրանք պատճառելով ուրախացնում էր լսողների սիրտը։ Նա կարիք չէր զգում Քարոզգրքի171 կամ Հարցնտեսի172 այլ ինչ որ անհրաժեշտ ու պատշաճ էր լինում պահին՝ Ասավածաշնչից բնաբան էր առնում, գեղեցիկ կարգավորված ու պատշաճ շարադրությամբ հորինում, հարդարում էր խոսքը ի փառս Աստծու հոգուն՝ շնորհներ տվողին։
Եվ քանզի հար ու հարաժամ գիտության ու իմաստության մեջ մտքի խոհանք ուներ, խցում, դրսում, ժամատեղում այս Սիմոն վարդապետը ինքը ասում էր, թե՝ «Մի օր մնացի եկեղեցում կանգնած և Սուրբ գրքի ինչ-որ խոսքեր էի խորհում, քունը ծանրացավ վրաս, կանգուն ննջում էի և չգիտեի, տեսա բեմի վրա մի կին էր կանգնած ինչպես թագուհի և շքեղ փառքով, ձեռքին բռնած էր մի գիրք, որ ինձ թվում էր, թե Աստվածաշունչ է։ Կինը ձգեց իմ գիրկը և ասաց՝ առ այս քեզ, միաժամանակ ինձ հայտնվեց, թե այդ կինը Աստվածածինն է։ Այնուհետև ինչ խոսքի մասին որ մտածում էի, հեշտությամբ գտնվում էր որոնելին: Ես այնպես եմ համարում, թե սուրբ Աստվածածինը ինձ հրամայեց, որ այսուհետև Աստվածաշունչը առնեմ ձեռքս և նրա վրա մտածեմ»: Սրա հետ նաև ինքը՝ Սիմոն վարդապետը ասում էր, թե՝ «Այս իմաստությունը ինձնից չէ, այլ սուրբ Աստվածածնից է, որ այս ինձ տվեց»։ Մինչդեռ Սպահան քաղաքում էր, երեք անգամ փիլիսոփայական գրքերը և քերականությունը իր ընկեր աշակերտներին դասավանդեց։ Անկիրթ ու անհմուտ