Այս օրերին շահը հրամայեց պարսից զորքին գնալ Արարատյան երկիրը և նրա բոլոր շրջակա գավառները, ամենտեղից տղամարդիկ հանել, որ կոչվում է ժողովուրդ (ռայաթ)[1], թե քրիստոնյաներից, թե մահմեդականներից, ինչ ազգից էլ որ լինեն, հավաքել, բերել պարսից բանակը, որպեսզի, պարսից զորքերին մարտակից լինեն, բաղիստր քշեն և այլ գործակցությամբ օգնական լինեն պարսից զորքերին: Եվ ճակատամարտի ժամանակ, երբ հարձակվում էին կամ բաղիստրը հրում վեր, քրիստոնյաներին առաջ էին մղում, հրի ու սրի դեմ էին տալիս, որով կոտորվում էին հայերը երկու կողմերից, առջևից օսմանցիների ձեռքով, իսկ ետևից՝ պարսիկների:
Եվ երբ շահը Թավրիզը գրավեց ու մինչ ինքը այնտեղ էր, այնտեղից Ամիրգունա խանին ուղարկեց Գանձակ, որպեսզի այնտեղ մնալով դիմագրավի օսմանցի զորքերին, որ հանկարծակի չգան և փորձանքի ենթարկեն պարսից բանակը: Իսկ նա Գանձակ գնալով երկու ամիս մնաց ու երբ իմացավ, որ օսմանցիները թույլ են ու չեն կարող այն գրավել, այնժամ Գանձակի երկրից, ուր նա կարողացավ հասնել, հրո ճարակ արեց և որով ոչնչացրեց՝ ոմանց կոտորեց, ոմանց կողոպտելով գերեց ունեցվածքով ու ընտանիքներով, բերեց լցրեց Երևան պարսից բանակի լիության և զեխության համար։
Այլևս՝ մինչդեռ շահը նստել Էր Երևանի բերդի շուրջը ու ճակատամարտում էր, այդ ժամանակ Երևանի երկրամասը հանձնեց Ամիրգունա խանին և նրան նշանակեց այդ երկրամասի խան:
Եվ երբ շահը եկավ Երևան, երկրամասի բոլոր բնակիչները եկան երկրպագելու և ողջունելու թագավորին ու իրենց կարողության համապատասխան ընծաներ։ Սրապիոն կաթողիկոսն էլ ընծաներով եկավ ու հայտնվեց թագավորի առջև, և երբ թագավորը հարցրեց, թե ո՞վ է սա ու որտեղի՞ց է, պատասխան տրվեց, թե հայոց կաթողիկոսն է և Ամիդիդի երկրամասից է։ Իսկ շահը անտեսեց նրան ու նրա հետ չխոսեց, որովհետև նրան չընդունեց, քանի որ կամենում
- ↑ Բնագրում՝ ըռաղաթ։