Սրան ընդառաջ ելավ ամիրան իր բոլոր մեծամեծներով և մեծարելով՝ առոք-փառոք տարավ բերդի գլուխը և խոստացան կատարել նրա կամքը և տալ ինչ էլ պահանջի, միայն թե Խլաթի բերդից ետ դարձնի ողջ հեծելազորը։ Նա վկայագիր առնելով նրանցից՝ գնաց Խլաթ և զորապետներին կրկին ստորագրություն տվեց և, ցույց տալով նրանց թագավորի թուղթը, համոզեց նրանց, որոնք խաղաղությամբ գնացին իրենց տեղերը, իսկ ինքը վերադարձավ Բաղեշ և երեք ամիս նստեց, առավ խոստացած կայսերական տուրքը և տարավ մատուցեց թագավորին, նրանց միջև խաղաղություն հաստատեց և ողջ ռամիկ ժողովուրդը` թե հայ, թե մահմեդական, ազատեց անօրենների ձեռքից ու դառը գերությունից։ Թող տեր աստված նրան ազատի հոգու և մարմնի ամեն փորձանքից. ամեն։ Նա թագավորի մոտից վերադարձավ, նստեց իր աթոռը սուրբ Էջմիածնում և երկու գոռոզ այլազգիների կողմից պարգևատրվեց՝ թուրքմեն թագավորից ու Քուրդ ամիրայից, ինչպես որ Զորաբաբելը202 Դարեհից իր հավատացյալ ժողովրդին հովվելու համար։ Այնպես եղավ, որ կրկին անգամ Ջհանշահ թագավորը գնաց Իրաքի երկիրը` Շիրազ և Քրման։ Նա ուներ Հասան–ալի անունով մի որդի, որ թափառահած շրջում էր Արարատյան գավառի վերին կողմերը։ Նա որոշ չարախոսների նենգությամբ կամեցավ բռնել մեծ պատրիարք տեր Զաքարիային և նրանից պահանջել դրամ ու հարստություն։ Մեծ հայրապետը, նրա այս նենգամտությունը իմանալով, առավ սուրբ Լուսավորչի աջը այլ սպասներով հանդերձ ձմեռ օրով գնաց մինչև Բագվան203, այնտեղից եկավ Բայազետի բերդը,204 այնտեղից էլ իջավ Արգելան205 սուրբ ուխտը, որտեղ թաղված են Յուսիկի որդի սուրբ վարդապետ Ստեփանոսի նշխարները։ Այնտեղ հասնելով ի հայտ բերեց աստվածային գանձը՝ մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի սուրբ աջը, խաչվառի հետ միասին, ուր մի կողմում նկարված էր տիրոջ պատկերը, իսկ մյուս կողմում նկարված էին մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի, չքնաղագեղ կույս սուրբ Հռիփսիմեի (պատկերները)։ Նաև (խաչվառը) զարդարված էր ոսկեթել գործվածքով, երփներանգ գույներով, սուրբ ուրարով, որ տեսնողների
Էջ:Arakel of Tabriz, History.djvu/331
Այս էջը հաստատված է