Այս էջը հաստատված է

գնացած որոնողները երբ հանդիպում էին եկող ճամփորդների, հարցնում էին, թե մի կաղ մարդ տեսա՞ք։ Եկողները պատասխանում էին, թե մենք կաղ մարդ չենք տեսել։ Այս կերպ Վրթանես եպիսկոպոսը եկավ, հասավ Ջուղա գյուղաքաղաք և որոնելով գնաց գտավ այն մարդու տունը, որ էշի տերն էր։

Մեծ տագնապով հոգնում էր աջի համար, թե արդյոք ամբողջական հասե՞լ է աջը Ջուղա։ Երբ լսեց իշատիրոջից և տեսավ հեմետը, որտեղ ինքը աջը դրել էր, որ ամբողջական էր մնացել աջը, այդ ժամանակ ցնծությամբ ուրախացավ և փառք տվեց աստծուն։ Ապա Վրթանես եպիսկոպոսը գնաց Ջուղայի առաջնորդների ու քահանաների մոտ և հայտնեց նրանց իր արարքը։ Նրանք զարմացան նրա արած գործի վրա և լցվեցին երկնային ուրախությամբ․ գնացին աջը, խաչվառը և ուրարը հանին, բերին եկեղեցի։ Հապճեպով ավետավորներ ուղարկեցին Սուրբ աթոռ Էջմածին Սարգիս ու Հովհաննես կաթողիկոսների մոտ, որոնց կամքով ու խորհրդակցությամբ։ Հապճեպ եկեղեցականներով, աշխարհականներով և Արարատյան երկրի բոլոր երևելի մարդկանցով ճամփա ընկան, սուրբ աջին ընդառաջ գնացին, աջը գտան Նախիջևան քաղաքում, քանի որ մինչև կաթողիկոսների գնալը ջուղայեցիները և Վրթանես եպիսկոպոսը աջը բերել էին Նախիջևան քաղաքը։ Այնտեղ՝ Նախիջևան քաղաքում պատվելով փառավորեցին սուրբ աջը պայծառ մոմերի վառումով, անուշահոտ խունկերի բուրումով, խոյերի, զվարակների մորթումով։ Այնտեղ ուխտ կատարեցին, մեծատենչ փափագով համբուրեցին սուրբ աջը և ապա աշխարհախումբ բազմությամբ առան սուրբ աջը և բերին Սուրբ աթոռ Էջմիածին և դրին հանգստի իր սեփական, բնիկ աթոռը, իսկ կաթողիկոսները և երկրի բոլոր մարդիկ՝ եկեղեցականներ, աշխարհականներ շատ ու անհաշիվ պարգևներ բաշխեցին Վրթանես եպիսկոպոսին․ նաև որքան նվերներ և աջհամբույր ժողովուրդը նվիրեց սուրբ աջին, այդ ամբողջ նույնպես շնորհեցին Վրթանես եպիսկոպոսին․