Այս էջը հաստատված է

գետից դեն էն տեղավորված ուրիշ ազգերից զատ ու առանձին։ Եվ այժմ այն տեղը, որ կամեցան քաղաքից հանված այս ժողովրդին նորից ջուղայեցիներին մոտիկ կամեցան տալ՝ ընդհուպ մերձ ու կից ջուղայեցիներին, գետեզրի մոտ։ Այս մտքին բոլորն էլ հավանեցին՝ թագավորը, իշխանները, հայ ժողովուրդը և բոլոր նրանք, ովքեր լսեցին։

Ապա թագավորի հրամանով եպարքոսը երկրաչափներ ուղարկեց, որոնք նշանակված տեղը չափեցին և հանձնեցին ժողովրդին, իսկ ժողովուրդը բաժանեց իր մարդկանց ըստ սրանց քանակի։ Սկսեցին շինել իրենց համար տներ ու բնակության տեղեր։ Թե երևանցիները, թե դաշտեցիները, թե մյուս այլ տարբեր վայրերից հավաքված ժողովուրդը՝ բոլորը միասին այստեղում զետեղվելով բնակվեցին։ Արդ՝ քրիստոնյաներին Սպահանից, քաղաքամիջից հանելու պատճառը գինեխմությունը եղավ այսպես, ինչպես պատմեցինք։

Բայց քրիստոնյա ժողովուրդը, քաղաքից իրենց հանելու ժամանակ սկզբում դժվարանում էր, որովհետև ծանր էր թվում իր բնակարաններից դուրս գալը, իսկ այժմ չափազանց գոհ են և գոհանում են աստծուց, որովհետև նրա խնամարկությամբ այս գործը եղավ ու կատարվեց քրիստոնյաների համար։

Եվ քրիստոնյաների գոհ լինելը բազմաթիվ պատճառներ ունի։ Նախ՝ այնտեղ քաղաքամիջում, քրիստոնյաներն ու մահմեդականները խառնիխուռն միմյաց հետ էին բնակված, իսկ ոմանք թերահավատ քրիստոնյա մարդկանցից տեսնելով մահմեդականների հաճելի, ամենուրեք հասնող մարմնապաշտ օրենքները և մշտապես նրանց օրենքների քարոզներն ու պատմությունները լսելով, թերանում էին քրիստոնեական հավատի նկատմամբ, մինչև իսկ իսպառ դադարում և քրիստոնեական կրոնից անցնում էին մահմեդական կրոնին, դառնում էին մահմեդականներ։ Երկրորդ՝ եթե քրիստոնյաների ուստրերը սիրում էին մահմեդականների դուստրերին կամ թե մահմեդականների ուստրերը սիրում էին քրիստոնյաների դուստրերին, մահմեդականները ծածուկ ու գաղտնի հնարքներով այնքան էին խոսում քրիստոնյաների ուստրերի ու դուստրերի հետ, մինչև որ նրանց կամքն ու հոժարությունը փոխում էին ըստ իրենց ցանկության, ապա