Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԼԴ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՀԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿՎԱԾ ՀՐԵԱՆԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀՐԵԱՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԵՆ ԲՆԱԿՎԱԾ, ԹԵ ԻՆՉ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՐԵՆՑ ԿՐՈՆԻՑ ՀԱՆԵՑԻՆ ԵՎ ԴԱՐՁՐԻՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ

Սպահան քաղաքի քաղաքամիջից հայերին դուրս բերելուց հետո սկսեցին հրեաներին հանել։ Որովհետև այս Շահ-Արաս երկրորդի թագավորության ժամանակ և հայոց 1100 (1657) թվականին մի օր, և այդ օրը ուրբաթ էր, երեկոյան դեմ, որ մյուս օրը դառնում էր լույս շաբաթ, նույն եպարքոսը, որի անունն էր Մահմադ բեկ, որը և հայերին հանեց Սպահանի քաղաքամիջից, այժմ կամենում է նաև հրեաներին հանել։ Այս նպատակով պատրաստեց զորականներ և ուղարկեց հրեաների վրա, որոնք ջհուդ են, թե՝ «Դուք բոլոր հրեաներդ պարտավոր եք դուրս գալ քաղաքամիջից և գնալ քաղաքից դուրս քաղաքի ծայրամասերից մեկում բնակվել, որովհետև հավատով մահմեդական չեք, այլ անսուրբ ազգ եք, ելեք այս քաղաքից և քաղաքից դուրս բնակվեք, քանզի ձեր մասին թագավորի կողմից այսպես հրամայվեց»։

Այս առիթով հրեաները աղերսեցին՝ ասելով․ «Որովհետև մեր մասին թագավորի կողմից այդպես հրամայվեց, թագավորի հրամանը մեր աչքի վրա, թագավորի հրամանը անթերի կկատարենք, բայց ձեզ խնդրում ենք երեք օր զիջել մեզ, որպեսզի ուստրերով, դուստրերով և մեր ամեն ունեցվածքով ելնենք, գնանք։ Եվ մանավանդ տեսնում եք, որ այս օրը տարաժամել է, նաև հիվանդներ, ցավագարներ, ծերեր, մատաղ մանուկներ շատ կան, որոնք չեն կարող այժմ գիշերով գնալ, ուստի ձեզանից խնդրում ենք երեք օրով հետաձգել»։

Իսկ եկած զորականները թույլ չէին տալիս և չէին զիջում նույնիսկ մինչև վաղվան օրը, այլ ստիպում էին հապճեպով ու արագ ելնել այդ երեկոյան, քանզի եպարքոսը այդպես էր հրամայել իրենց, ոչ ներել և ոչ թողնել մինչև առավոտ, այլ նույն երեկոյին և նույն գիշերը նրանց բոլորին իրենց ողջ ընտանիքներով հանել։ Իսկ եթե մեկնումեկը մնա մյուս օրը, ծեծի, բանտարգելության, տանջանքի ենթարկեն այդպիսի