հնարներ գործադրեցին, կաշառք տվին, որ գոնե աղջիկներին ազատեն, բայց չկարողացան, այլ պարսիկները առան երեք աղջիկներին, իսկ հրեաները հոգու և սրտի խորքով խոցվեցին ուրացողների արարքների համար։ Զայրագին ցասումով և վրեժով լցվեցին և հաստատորեն մտադրվեցին ուրացողներին սպանել․ նախ Ավատիային, որովհետև նա չափազանց ավելի չար էր։
Հրեաների ազգից մի մարդ կար, որ խիստ նախանձախնդիր էր հրեության համար. սրա անունը Փինհաս էր։ Սա հայրենի կրոնի նկատմամբ նախանձախնդիր լինելով սրտով ու հոգով այրվում էր Ավատիային սպանելու համար։ Խելացի հնարներով գտավ հրեաներից նաև ուրիշ երեք հոգի իրեն խորհրդակից ու ընկեր պիղծ Ավատիային սպանելու համար։ Այս մարդկանցից մեկի անունը Իսահակ էր, մյուսինը՝ Մասիհ, երրորդին՝ Հուդա։ Սրանք չորսը միաբանվելով՝ հաստատուն պայման դրին իրենց մեջ, հարմար պահի Ավատիային սպանեն։
Իսկ աստծու խնամքներով մի օր այսպիսի գործ պատահեց. Ավատիան, ըստ իր մշտական սովորության, շրջում էր հրեաների տները նրանց զննելու և դիտելու համար, հանդիպեց հրեաների քահանային, որին խախամ են կոչում։ Նրան սարսափացնելով ասաց. «Դու չես թողնում հրեաներին, որ մահմեդական կրոնը ընդունեն, որովհետև նրանց տները շրջում ես, խրատելով քաջալերում ես հաստատուն մնալ հրեության մեջ. նաև կենդանիների մորթ ես անում նրանց տներում»։ Եվ չնայած խախամը հրաժարվում էր և բազմաթիվ խոսքերով վկայում ու երդվում էր, որ գոնե ազատվի նրա ձեռքից, բայց չկարողացավ։ Ավատիան ասաց. «Եթե ճիշտ է քո ասածը, որ կենդանիների մորթ չես անում, ինչո՞ւ ես քեզ մոտ պահում մորթելու սուրը, այժմ բեր ու տուր ինձ»։ Մորթելու այն սուրը, որ Ավատիան պահանջեց, այս է, որ այն ուրիշ սրերի նման հասարակ սուր չէ, որ ամեն մեկը իր վրա կրում է, այն սուրը մի առանձին սուր է՝ մեծ, երկար և չափազանց ավելի սուր, որ առաջին անգամ ոչխարի պարանոցին քաշելիս կտրում է գլուխը, իսկ եթե երկրորդ անգամ ավելացվի