Այս էջը հաստատված է

խեղճ հրեաներին, որ չեմ կարող թվել: Իսկ Ավատիային սպանող երեք մարդկանց տարան մեծ հրապարակը, պիղծ Ավատիայի գեշի մոտ սպանեցին։ Երեք մարդկանց սպանելուց հետո իրենք՝ պարսիկները իրենց այդքան շատ արարքներից ձանձրացան, մնացած հրեաներին թողին, հեռացան։ Սպանվածների դիակները երեք օր մնացին այնտեղ հրապարակի վրա և երեք օր հետո պարսից իշխանների հրամանով այնտեղից վերցրին, տարան, թաղեցին։

Այնուհետև պարսիկները այլևս ոչինչ չխոսեցին կամ արին հրեաների դեմ. ոչ նրանցից արքունական հարկ պահանջեցին, ոչ էլ իշխանական որևէ պարտավորություն, այլ նրանց համարում էին պարսիկ և մահմեդական կրոն ընդունած, քանզի թողեցին, որ իրենց կամքով ապրեն, թեպետ պարսիկները գիտեին, որ հրեաները մահմեդական կրոնը չեն ընդունել, բայց ժամանակավորապես այդպես թողին։

Բայց հրեաները իրենց ժողովներում և ժողովրդի մեջ հրեական օրենքներն ու ավանդություններն էին կատարում և ոչ թե մահմեդական։ Նաև ասում էին. «Թե մենք ամեն տարի այն հարկը, որ տալու ենք արքունիքին, տարի առ տարի առանձնացնում ենք, գցում գանձարկղի մեջ և պահում, որպեսզի երբ պահանջեն, անմիջապես տանք, ազատվենք»։ Այլև ասում էին. «Այն երկու թումանը, որ ուրախության օրը մեզ իբրև պարգևներ տվին, այդ նույնպես պահել ենք և մշտապես յուրաքանչյուր տարվա շահը ավելացնում ենք վրան, որպեսզի երբ պահանջեն, տանք, ազատվենք նրանցից»:

Մինչ այս տարի, երբ այս պատմությունը շարադրեցինք, որ մեր 1109 [1660] թվականի մարտ ամսի տասն է, այսպես ըստ մեր պատմածի են պարսիկները ու հրեաները, իսկ ապագան աստծուն է իմանալի։

Նաև պետք է այս իմանալ, որ այն օրերում, երբ Սպահան քաղաքում գտնվող բոլոր հրեաներին կամա թե ակամա դարձրին մահմեդական, ապա եպարքոսը հրովարտակ