Ինքը և ուրիշ բոլորը համարում էին, թե մանուկները տան տակ մնալով մեռել են:
Ապա հավաքելով որոշ մարդկանց բերեց այդտեղ, որոնք ամբողջ հողը պեղեցին, տեսան, որ մանուկները հողի տակ կենդանի են, և հիացան, փառք տվին աստծուն, քանի որ քառասունչորս օր անցել էր երկրաշարժից հետո, երբ մանուկները մնացել էին հողի տակ: Աստծու շնորհներով ու ողորմությամբ մանուկները կենդանի դուրս եկան: Իսկ ովքեր լսեցին ու տեսան, հիացած զարմանում էին: Այս լուրը հասավ մինչև քաղաքի փաշային: Փաշան մանուկներին տարավ իր առջև, հարցրեց, ստուգեց ամեն ինչ և գրեց թղթի վրա այս բանը, որ կատարվեց մանուկների վրա և պահեց իր մոտ իբրև աստծու հրաշագործությունների հիշատակ:
Նաև հարցրին մանուկներին կերակուրների մասին, թե ինչ էիք ուտում, իսկ նրանց ցույց տվին հացի փշրանքներ, թե այս էինք ուտում երբեմն-երբեմն: Իսկ ջրի համար ցույց տվին մի աման, որի մեջ բազկաթթու կար, թե ծարավելիս այդ ուտում, զովանում էինք, բայց ցերեկն ու գիշերը չէինք իմանում: Իսկ այդ մանուկները մինչև այժմ կան կենդանի ամենակարող աստծու շնորհներով:
Նաև Վանա երկրի բոլոր վանքերը փլվեցին, ավերվեցին Վերն Վարագը և Ներքին Վարագը, սուրբ հայր Թոդիկի եկեղեցին, Սալնապատի վանքի մեծ եկեղեցին, Շուշանց վանքը, Ղուռուբաշի վանքը, Խեկուց վանքը, Էրեմերա վանքը, Սրխու վանքը, Բերդակա վանքը, Կենդանանից վանքը, Կոնկի վանքը, Անգուսների վանքը, Արջակա վանքը, Ալերի վանքը: Հիշածս վանքերից շինվեցին միայն երկու Վարագները, Կոնկի վանքը, Խեքուց վանքը, իսկ մյուսները մնացին ավերակ: Այն գյուղերը, որ Վանի շուրջն էին գտնվում, բոլորի շենքերը փլվեցին, դրանց եկեղեցիները ևս շենքերի հետ փլվեցին, իսկ Նորագեղի եկեղեցին մի արտաչափ հեռու թռավ իր տեղից, հեռացավ, ապա փլվեց:
Այս երկրաշարժից բազմաթիվ աղբյուրներ, որ անսահման ժամանակներից բխում էին, ցամաքեցին․ ինչպես Եզնաբերդի աղբյուրները, որ վեց ջրաղաց էին բանեցնում, բոլորն էլ ցամաքեցին: Բերդը այնտեղից փոխեցին ջուր չլինելու պատճառով և տարան Ղասրիկում շինեցին: