Այս էջը հաստատված է

չկարողացավ սպանել, և սակայն իր տեղից փախցրեց: Չոմարը ուր էլ գնում էր, նույն գործն էր անում, ուստի հրաման ելավ թագավորից բոլոր երկրների իշխաններին ու զորագլուխներին, որ ուր էլ Չոմարը գնա, այդ երկրի իշխաններն ու զորքը կռվեն Չոմարի դեմ և սպանեն։ Իսկ եթե այնպես լինի, որ մեկը բերի Չոմարի գլուխը, և նրա (սպանության) նշանը, մեծ պարգևներ ու մեծություն է առնելու թագավորից։

Եվ որովհետև (Չոմարի) աջ ձեռքի ճկույթը ձեռքի ափի մեջ անբաժանելի զոդված, կպած էր, սրա համար ասացին նշանը բերի։

Թագավորի այս հրամանի համար Չոմարը ուր էլ գնաց, երկրների բոլոր զորքերն ու իշխանները հալածական դարձրին Չոմարին։ Չոմարը հալածանքներից դադար առնելու տեղ չգտնելով, եկավ դիմեց Սուլեյման բեկին։ Նրա առյուծասիրտ քաջության և հաղթական ճակատամարտերի համար Սուլեյման բեկը ընդունեց նրան և ասաց. «Երկուսս եղբայրներ լինենք և պահենք մեր հայրենի իշխանությունը և միասին վայելենք»։

Դարձյալ մեկ այլ պատմություն, որ անհրաժեշտ է այս պատմության մեջ։

Վերոհիշյալ այն Հուսեյին աղան ինչ-որ պատճառով սիրով ու միաբանությանբ այնպես կապվեց մարերի Եզդիշեր մեծ իշխանի հետ, որ իր եղբոր դուստրը կնության տվեց Եզդիշերի եղբորը, որի անունն էր Խոսրով փաշա։ Սրանք երկուսով՝ Եզդիշեր ու Հուսեյին աղաները սերտ սիրով միաբանվեցին, եղան խնամիներ ու բարեկամներ։

Մի այլ պատմություն ևս։ Այս Հուսեյին աղան այնքան շատ զորացավ ու մեծացավ Վան քաղաքի մեջ, որ սրա հրամանին էին ենթարկվում փաշան, ղադին [1], ենկիչար աղասին [2], ղուլար աղասին[3], իսկ այլ իշխաններ սրա ահից փախստական դարձան։

Նաև այնպիսի մի բան պատահեց։ Ինչպես օսմանցիների սովորությունն է, հին փաշային հանելուց հետո սրա տեղը թագավորի արքունիքից նոր փաշա են ուղարկում։ Այսպես

  1. Հոգևոր դատավորը։
  2. Ենիչերիների պետը։
  3. Հավատարիմ ծառաներից կազմված զորքի հրամանատարը։