Այս էջը հաստատված է

կարգեցին, հասակով տասներկուամյա պատանի էր. թագավորը նոր էր և այն էլ պատանի: Նաև՝ իշխանները միմյանց հետ սեր ու միաբանություն և թագավորի տան հետ մտերմություն չունեին, այլև ապստամբ ջալալիները24 շատ ու շատ էին վեր կացել երկրի մեջ, որոնք ավերում էին թագավորի քաղաքներն ու երկրները։ Նրանք դրանցով էին զբաղված, ուստի չէին կարողանում օգնել Երևանում գտնվող զորքին։ Այս ջալալիների անունները կհիշենք առաջիկայում սրանց մասին գրված գլխում [Է գլուխ]. ջալալիների որպիսությունը կիմանաս այդ գլուխը կարդալով։ Վերոհիշյալ պատճառներով, այլև շատ նեղությունների համար, որ կրեցին Երևան քաղաքի բերդի մեջ պաշարված օսմանյան զորքերը, նեղվեցին, անհույս եղան օգնողների ու փրկողների նկատմամբ, այս պատճառով բերդը հանձնեցին պարսից զորքերին։

Երբ շահը բերդը գրավեց, հրամայեց մունետիկներին հռչակել ու հրապարակել պարսից ու օսմանյան բանակների մեջ. «Հրաման է մեծ արքա Շահ-Աբասից. ով որ սիրում է այս երկիրն ու շահին և կամենում է մնալ իր հայրենիքում սիրով կմնա և շահից պատիվներ ու ընդունելության կգտնի ըստ արժանվույն, իսկ ով որ կամենա գնալ յուր ազգի ու ժողովրդի մոտ, խաղաղությամբ կգնա իր ունեցվածքով ու հարստությամբ»: Սայիդ փաշան եղավ շահասեր և շահից խնդրեց իշխանություն և Իմամուռուզի25 վերակացությունը. նա ստացավ իր խնդրածը և գնաց Խորասան Իմամուռուզին սպասավորելու։ Իսկ Սուլեյման փաշան շահից խնդրեց գնալ իր ժողովրդի մոտ, մի բան, որ շահը թույլատրեց նրան գնալ։ Նա ելավ գնալու, նրա հետ կային հինգ հազար հեծյալ ու բազմաքանակ ժողովուրդ։ Իսկ պարսից դիվանման զորքերը գունդագունդ հետապնդելով նրանց՝ գաղտագողի ընթացքով հասան ու հարձակվեցին նրանց վրա. ոմանց խփեցին սպանին, ոմանց փախցնելով ցաքուցրիվ արին և նրանց ունեցվածքը կողոպտելով` դարձան իրենց բանակատեղը։

Արդ՝ այս ամենը կատարվեց պարսից թագավորի ձեռքով. իսկ օսմանցիները և նրանց թագավորը, որ նստում էր Կոստանդնուպոլսում, լսելով այս ամենը՝ միաբանվեցին ու արի գործ ձեռնարկեցին` ելնել և թշնամուն դիմագրավել:

39