երևացող ու բացահայտ էին, որոնք խոսքի շարադրության բերումով նկարագրեցինք, նրանք, որ ավելի փոքր էին, որ մենք թողեցինք, դու այն քո մտքով պատկերացրու. և այս ամենը հնարելով գործադրում էր անիծված, անխիղճ, անաստված ու մարդադեմ գազան այն Չոմարը։
Այսքան տառապանքներից ու նեղություններից հետո, երբ Չոմարը տեսավ, թե աբեղաները թաքստոցները ցույց չեն տալիս ինքը վեր կացավ որոնելու վանքի թաքստոցները։ Քանզի իր ձեռքը առավ մի գործիք, որ քլունգն է, և սկսեց շրջել վանքի եկեղեցիների մեջ, տներում և ամեն տեղերում։ Կանգնում ու նայում էր, դիտում զննում էր ամեն տեղ, ապա որտեղ որ կասկածում էր, թե նմանվում է թաքստոցի, այն քլունգով, որ բռնել էր ձեռքում, թակում էր տեղը։ Այսպես շրջելով եկան, մտան եկեղեցիներից մեկը, և երբ զարկեց կասկածելի տեղին, անմիջապես լսվեց թնդյունի ձայնը, ուստի անմիջապես քանդեցին այդ տեղը և գտան պղնձեղենով լիքը մի հոր, որովհետև վանքի բոլոր պղնձյա ամանները լցրել էին այնտեղ, թաքցրել։ Դրանք բոլորը դուրս բերին և հավաքեցին մի տեղում։ Եվ երբ սրանք գտան, ավելի դրդվեցին՝ կարծելով, որ այսպիսիք շատ կան և խիստ որոնումով սկսեցին թակել բոլոր տեղերը։ Այնտեղից գնացին մի այլ եկեղեցի և բախելիս տեղը թնդաց, անմիջապես քանդեցին և գտան մի դատարկ թաքստոց, ոչինչ չկար այնտեղ։
Այս թողին, գնացին մի այլ եկեղեցի և բախելիս հանդիպեց տեղը, որտեղ էր մեծ թաքստոցը. այստեղ պահված էին Ավագ սուրբ նշանը և եկեղեցիների բոլոր անոթները։ Անմիջապես քանդեցին և գտան թաքստոցի դուռը, մտան ներս, տեսան, որ հարստությամբ լիքն է՝ Ավագ սուրբ նշանը բազմաթիվ կերպասներով պատված և գեղեցկաշեն արկղի մեջ դրված և բազմեցրած բոլոր անոթների վրա․ որը [Սուրբ նշանը] Սուլեյման բեկը ինքը գիրկն առած բերեց դուրս։ Ապա դուրս բերին այլ անոթներ ևս՝ բազմաթիվ արծաթեղեններ, սկիհներ, խաչեր և մի մարդաչափ խաչ, որի կշիռն էր մի խոնդկարի [թագավորական] լիտր[1] և վրան գրված ուներ
- ↑ Լիտրը հավասար է 12 ֆունտի, մոտ 5 կգ։