Այս էջը հաստատված է

Իսկ սուխտաները մշտապես այստեղ-այնտեղ իշխանների դռները շրջեցնում էին. որովհետև փաշան, ղադին և մուֆտին սպանելու հրաման չտվին, ուստի սուխտաները զայրացան և բոլոր մզկիթներից կանչելը արգելեցին, որ իրենց աղոթքի ժամին ելնելով մինարեի գլուխը՝ կանչում են։ Այս կանչելը երեք օր խափանեցին՝ ասելով, թե Մահմեդի հավատը խանգարելով խափանվեց և սուզվեց գետնի տակ, որովհետև մի անհավատ մարդ մարգարե Մահմեդի հավատը բացահայտ ու համարձակ հայհոյում էր։

Եվ մի օր, մինչդեռ քաղաքի պողոտաներում շրջեցնում էին, սուխտաներից ամենաչար մեկը, որ ձեռքում բռնած էր մերկ դաշույնը, ուժգին հարվածով խրեց Մխիթարի թիկունքի մեջը. արյունը ցայտեց մոտիկ պատի երեսը. այս հարվածից Մխիթարը ընկավ երեսնիվայր։ Իսկ մյուս սուխտանները հարձակվելով վրան սրախողխող ծակոտեցին նրան, որ անմիջապես մեռավ։ Ապա պարանը կապեցին ոտքերից և քաշելով տարան քաղաքից դուրս, այնտեղ, որտեղ բոլոր մահապարտներին սպանում են։ Այնտեղ հավաքված բազմաթիվ մահմեդականներ այնքան քարկոծեցին մեռած մարմինը, որ մարմինը քարերով ծածկվեց, անհայտացավ, և ապա թողին, գնացին արյունարբու և մարդադեմ գազան սուխտաները։

Իսկ նույն գիշերը ենիչերի գիշերապահները, որ վերին բերդում էին, տեսնում էին, որ մի մեծ լույս փայլատակելով ու ճառագայթելով կանգնած էր նրա վրա։ Սրանք առավոտյան լուսանալիս եկան քաղաքամեջ պատմեցին այս տեսիլքը։ Մյուս օրը քրիստոնյաները գնացին փաշայի ու ղադու մոտ և սրբին թաղելու թույլտվություն խնդրեցին, իսկ նրանք թուլյատրեցին. ուստի բոլոր եկեղեցիների քահանաներն ու ժողովուրդը հավաքվելով բազմախուռն հանդեսով վերցրին նրա թանկագին մարմինը և տարան հայոց գերեզմանոց և քրիստոնեական կարգով նրան թաղեցին սաղմոսերգությամբ և նրան պսակող Քրիստոսի փառքի օրհնությամբ։

Սրա նահատակությունը կատարվեց մեր 1105 [1656] թվականի նոյեմբերի տասներկուսին տեր Հակոբի Սուրբ Էջմիածնի մեծափառ աթոռի կաթողիկոսության և օսմանցիների սուլթան Մահմեդի թագավորության ժամանակ, որ նստում է Կոստանդնուպոլիս մեծ քաղաքում։