Այս էջը հաստատված է

Այժմ կխնդրենք Քրիստոսից, որպեսզի սրբերի բարեխոսությամբ ողորմի բոլոր քրիստոնյաներին, և նրան փառք հավիտյանս, ամեն։


ԳԼՈՒԽ ԽԸ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՎԵՏԻՍ ԱՆՈՒՆՈՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ազգով հայ, հավատով քրիստոնյա Ավետիս անունով մի մարդ, որ Ոստանի գավառից էր, իրենց աղքատության կարիքների համար ողջ ընտանիքով ելան, գնացին Բարմ երկիրը, որ այժմ Աղբակ238 է կոչվում, և բնակվեցին Բարլասան գյուղում։ Ավետիս անունով այս մարդը իր տնտեսական կարիքների համար վարձվեց Բաքդար անունով մի քուրդ իշխանի մոտ, որ Լոռիքան[1] կոչված բերդի իշխանավորն էր: Ավետիսը Բաքդար աղայի ծառայության մեջ մնաց երկու տարի։

Բաքդար աղայի՝ հավատով մահմեդական, ազգով քուրդ ծառաներից ոմանք, որ Ավետիսի ծառայակիցներն էին, նախանձելով նրան՝ օրերից մի օր կանգնեցին Բաքդար աղայի առջև Ավետիսի մասին ասացին, թե իրենք շատ անգամ լսել են նրանից, որ ասում էր դառնում եմ քրիստոնեական հավատից և լինում մահմեդական։ Խիստ ճշտիվ վրեժխնդիր էին լինում և տիրոջը ստիպում էին՝ քրիստոնեական հավատից Ավետիսին հանել։ Իսկ Բաքդար աղա իշխանը Ավետիսին հարցրեց իրողության ճշտության մասին և պատասխան լսեց, թե ինքը չի ուրանա իր քրիստոնեական հավատը, նրանք զուր են իր վրա այդ խոսքերը ասում։ Ուստի Բաքդար աղան չլսեց իր ծառաների վկայությունները, այլ սաստեց իր ծառաներին, որ լռեն. ներեց Ավետիսին, ասելով՝ «Թույլ տվեք ապրի իր հավատով»:

  1. Այս բերդը, որը գտնվում է Աղբակ գավառում [Վասպուրականի նահանգ] Մ. Հովհաննիսյանի «Հայաստանի բերդերը» (Վենետիկ, 1970 թ.) հոյակապ աշխատության մեջ չի հիշատակված։