Այս էջը հաստատված է

Իսկ արդարադատ աստված իսպառ անտես չարեց իր ժողովրդին և քրիստոնեական հավատքը, այլ իսկույն նախանձախնդիր եղավ դատաստան ու վրեժխնդրություն արեց, ինչպես որ չորս օր ուրանալուց հետո սատկեց Ղարաչորակը, այսպես էլ իր թաղումից չորս օր հետո երեկոյան ժամին տեսան Ղարաչորակ ուրացողին, որին մահմեդականները թաղեցին. քանզի ելել էր վիհից որտեղ թաղված էր, մերկ ու խայտառակ, գարշատեսք, այլակերպ իբրև կատաղի շուն իր պատանը գցած ուսերին քաղաքի միջով գալիս էր, շուկայում և կրպակում շրջում էր, իսկ ովքեր տեսնում էին սարսափած ահաբեկվում էին, քանզի բոլորը ճանաչում էին նրան։ Նրա զարհուրելի տեսքից ամեն ոք թողեց գործերն ու խանութը և հապճեպ տագնապահար հազիվ ճողոպրելով փախավ իր տեղից անդառնի ընթացքով:

Այլազգիներից ոմանք հրապարակի մեջ խոսք գցեցին, թե սա Ղարաչորակը չէ, այլ նոր երևցած ինչ-որ մեկն է։ Այս պատճառով և այդ բանը ստուգելու համար տասը ավելի մարդ միավորվեցին և դիտելով իմացան այն ժամը, երբ Ղարաչորակը եկավ շուկա, այդ ժամաակ մարդիկ միաբան գնացին այն փոսը, որտեղ դրված էր Ղարաչորակը, տեսան, որ այնտեղ չէ։ Այսպես արին ոչ թե մեկ, այլ չորս անգամ, որով ավելի ստուգվեց, թե նա է։

Եվ ամեն օր երեկոյան դեմ ելնում էր, նույնպես պատանը ուսը գցած գալիս էր շուկա, և մինչև առավոտվա լուսանալը դարձյալ գնում էր և մտնում իր գերեզմանը։ Յոթ օր այսպես էր անում։ Սրա զարհուրելի տեսքից ամբողջ քաղաքը սարսռեց, սասանվեց։ Երեկոյան դեմ, որ ժամին որ հասնում էր նրա գալուստի պահը, ամենքը թողնում էին իրենց խանութներն ու գործերը և փախչում էին իրենց տները։ Նաև գիշերապահ զինվորների խմբերը, որոնց հասհաս (Ժամապահ) են ասում, նույնպես դադարեցին գիշերը շրջելուց, քանզի վախենում էին։

Իսկ մահմեդականները ամոթահար, շառագունած, գլխիկոր պապանձված, ապշած գետին էին նայում։ Ապա նրանց խորհրդականները յոթ օր հետո եկան, խորհուրդ արին։ Ընտրեցին արիասիրտ, քաջազոր, կորովի մարդիկ ավելի քան երեսուն հոգի և զինեցին նրանց զրահներով, ռազմի