Այս էջը հաստատված է

Արդ՝ պարսից այն զորքերը, որ նշանակվեցին իբրև ժողովրդին տարագրողներ, ժողովրդին քշելով բերին հասցրին Էջմիածնի դաշտը։ Այդ ժամանակ Շահ-Աբասը նստած էր Աղջաղալա33, իսկ օսմանցիների զորահրամանատար Ջղալօղլին իր զորքով հասել էր Կարս34: Շահ-Աբասը գիտեր, որ դեմ հանդիման ճակատամարտելով չէր կարող օսմանցիներին դիմադրել, վախենում էր նրանց մեծաքանակությունից, ուստի դարձավ իր ամբողջ բանակով, հետևեց ժողովրդի չվերթին դեպի Պարսկաստան։ Նաև օսմանյան զորքերը շարժվելով հետևեցին պարսից բանակին։ Եղան երեք մեծ ու անթիվ բանակներ. առաջին բանակը ժողովրդի բանակն էր, երկրորդը պարսից բանակն էր, իսկ երրորդ բանակը օսմանյանն էր։ Այնպես էր պատահում, որ երբ ժողովրդի բանակը չվում էր, սրանց հանգրվանում Շահ-Աբասն էր պարսից զորքով իջնում բանակում, իսկ սրանց չվերթից հետո նույն տեղում օսմանյան զորքերով բանակում էր Ջղալօղլին. և այսպես միմյանց կրնկակոխ հետամտելով գնացին մինչև որ ժողովուրդը և պարսիկները հասան Ջուղա գյուղը, իսկ օսմանցիները հասան Նախիջևան։ Այսուհետև պարսիկները և ոչ մեկ ժամ չթույլատրեցին ժողովրդին հանգիստ առնել, այլ խիստ տագնապով նեղում էին ժողովրդին, ոմանց մահու հարվածներով ծեծում էին, ոմանց քթերն ու ականջներն կտրելով, ոմանց էլ գլուխները կտրում էին ու ցցում էին ձողի վրա, ինչպես Առաքել կաթողիկոսի եղբորը, որի անունն էր Օհանջան. սրա և մի այլ մարդու գլուխները կտրեցին և Արաքս գետի ափին ձողի վրա ցցեցին։ Սրանք և սրանցից առավել կտտանքերի ու խոշտանգումների էին ենթարկում ժողովրդին իբրև ահ ու սարսափ ժողովրդին և տեսնողներին, որպեսզի գետը շտապ անցնեն։ Պարսից խորամանկ ազգը այս ամեն փորձություններին էր ենթարկում ժողովրդին օսմանցիների սարսափից, որոնք հետապնդում էին պարսիկներին։ Որովհետև պարսիկները տեսնում էին, որ ժողովրդի բանակը անթիվ է, նույնպես տեսնում էին, որ իրենց բանակն էլ շատ է, մինչև այսքան բազմությունը գետը անցներ, շատ օրեր կանցնեին։ Օսմանյան զորքից երկնչում էին, թե մի գուցե այդքան օրերի ընթացքում հանկարծակի կհարձակվեն պարսից բանակի վրա, կոտորած կսարքեն, կամ