լույսն ավելանում է, կամ եթե ծեծում ու քաշում են աչքերին, աչքերի քորը վերանում է և բոր հիվանդության դեմ օգտակար է։
Եղնդաքարը, որ ալմաստն է, հին ու նոր է լինում, հինը ավելի լավ է, ամեն քար մաշում է և կտրում, ինքը չի մաշվում։ Կայծի ու սարդիոնի պես կրակի մեջ չի մոխրանում, ինչպես մտնում, այնպես դուրս է գալիս կրակից։ Իսկ եթե կտրատում են, թե մեծ կտրվի, թե փոքր, եռանկյունի, քառանկյունի կամ վեցանկյունի կտոր է ստացվում և սերթիզ-փերթիզ, այսինքն՝ և ծայրը սուր և կողերը սուր։ Արճիճով կտրվում է, արճիճը բարակացնում են և ալմաստը դնում են արճճի մեջ, փաթաթում, ապա դնում են երկաթե սալի վրա և երկաթե կռանով հարվածում են արճճին, որի մեջ ալմաստն է։ Ալմաստը կոտրվում է և մնում է արճճի մեջ, չի սփռվում, այսինքն՝ ցրվում, արճիճի խոնավությունը այն հավաք է պահում։ Հետո արճիճը բացում են, հանում են կոտրատված ալմաստը և գործածում։ Իսկ եթե արճիճ չի գտնվում, ալմաստը դնում են մեղրամոմի մեջ, տասներկու տակ թղթով փաթաթում և կռանով հարվածում են փաթաթած թղթի վրա, որտեղ ալմաստն է։ Ալմաստը մեջը կոտրատվում է. թուղթը մոմով գցում են եռացրած ջրի մեջ. մոմը հալվում է, թուղթը բարձրանում է ջրի երեսը, իսկ կոտրած ալմաստը մնում է ջրի տակ, հետո հանում են, ծեծում պողպատ հավանգում և գործածում, որովհետև այս մանրած ալմաստով ակնագործները տաշում են թանկագին ալմաստը։ Հետը պահելը ուրախություն է բերում։ Նաև հատկանիշների գրքում ասել են, թե երկու պատերազմողներից ում մոտ որ ավելակշիռ ալմաստ լինի, այն կողմը կհաղթի: Ստույգը աստված գիտե։ Իսկ եթե կնոջ ծննդաբերությունը ուշանում է, ալմաստ քարը կապում են բազուկը, կինը ազատվում է։ Ալմաստ քարը նաև այս բանն է անում, որ ծննդաբերող կինը ձախ ձեռքում է բռնում ադամանդաքարը։ Բազմաթիվ անգամ փորձել են այս։
Ագաթը [կատվի աչք քարը], որ յանըլհըրն է, ունի այն հատկանիշը, ինչ որ ունի կայծը։ Հետը վերցնողը բոր, քոսոտություն, քոր և այլ այսպիսի բաներ չի ունենա, ունեցվածքն