բարկությունը սաստկացավ, թուրքերը հարձակվեցին քրիստոնյաների վրա և Սենեքերիմի օրերում հայերին Վասպուրականում անխնա կոտորեցին։ Իսկ Սենեքերիմը այլազգիներից նեղվելով՝ իր երկիրը 470 (1021) թվին հանձնեց հունաց Վասիլ թագավորին, ինքը հինգ որդիներով Սեբաստիա գնաց. որդիներն են՝ Դավիթ, Ատոմ, Կոստանդին, Վեստ, Աբուսահլ։ Այս ժամանակներում վախճանվում է տեր Սարգիս կաթողիկոսը, որի գերեզմանը գտնվում է Հոռոմոսի264 վանքում. սա հայրապետ մնաց երեսուն տարի, բայց իր կենդանի ժամանակ ձեռնադրեց Պետրոս հայրապետին՝ Գետադարձին, որ հայրապետ մնաց երեսունվեց տարի, իսկ Սարգիսը երկու տարի հետո վախճանվում է։ Այս Սարգիսը Ստեփանոս Տարոնեցուց265 խնդրեց գրել ընդարձակ պատմություն, որը և Տարոնեցին արեց երեք մասով՝ սկսելով նախահայր Ադամից, երբ նա դուրս եկավ վայելչության վայրից [դրախտից], և հասցրեց մինչև մեր 452 (1003) թվականը, երբ վախճանվեց սքանչելի այր Գրիգոր Նարեկացին։
Նրանից հետո [Տարոնեցուց] սկսում է Արիստակես Լաստիվերցին և լալագին, դառը ողբալով պատմում է անցքերի բոլոր աղետները, որոնք շրջակա ազգերից հասան հայերին. նաև թոնդրակեցիների աղանդը՝266 հասցնելով 530 [1081] թվականը՝ ավելի կամ պակաս։ 478 (1029) թվին եղավ սատանայի արձակումը։ 1000 տարին լրացավ, և բազմաթիվ ահավոր հրաշքներ եղան, որովհետև երկինքը արևելքից արևմուտք պատռվեց, և լույսը ցած հոսեց267, եղավ խավար, երևացին աստղերը, և լսվեցին ահավոր ձայներ։ 489 (1040) թվին Սմբատ մագիստրոսը Դվինի Բագնայրը268 շինեց։ 494 (1045) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ, և լուսամուտների գույնը փոխվեց կարմրի, մառախուղը պատել էր երկրի երեսը։ Երկրաշարժի ժամանակ եկեղեցիները և մեծամեծ շենքերը խախտվեցին, իսկ քաղաքն առհասարակ փլվեց, գետինը պատռվեց և բազմաթիվ տղամարդկանց ու կանանց կլանեց, երկար ժամանակ անդունդներից ձայներ էին լսվում։
501 (1052) թվին տեր Պետրոս կաթողիկոսը Պոնտոս, այն է՝ Տրապիզոն բերեց կենաց փայտը, Վասիլ թագավորի