հանեց, բարձեց, տարավ Սպահան։ Դարձյալ միևնույն թվականին Ուլաշ գյուղաքաղաքում Սուրբ փրկիչ եկեղեցին շինեցինք։ 1065 (1616) թվին Օքուզ Ահմադ փաշան եկավ Երևանի վրա․ երկու և կես ամիս նստեց (Երևանի շուրջը), չկարողացավ գրավել, ջարդվեց ու ետ դարձավ։ Դարձյալ նույն թվականին Ռուսը մտավ Տրապիզոն։
1066 (1617) թվին սուլթան Մուստաֆան երկու ամիս թագավոր նստեց, բայց և նույն տարին նրան փոխեցին և թագավոր նստեցրին սուլթան Օսմանին։ Դարձյալ նույն թվի Տրե ամսի տասին և նոյեմբերի տասնութին Շահ-Աբաս Առաջինը Ագուլիս գյուղում տեր Անդրեաս քահանային նահատակեց քրիստոնեական հավատի համար, և այնտեղ Ագուլիսի Խցաձորի եկեղեցում տեր Անդրեասին թաղեցին։
1067 (1618) թվին Խալիլ փաշան եկավ Թավրիզ, ջախջախվեց և հետո գնաց։ Դարձյալ սույն թվին մահ տարածվեց, մեկ օրում Գումուշխանեում հարյուր քառասուն երեխա մեռավ։ Դարձյալ սույն թվին մեռավ սուլթան Ահմադը, թագավորության աթոռին նստեց նրա եղբայր սուլթան Մուստաֆան հարյուր օր։ 1067 (1618) թվի կեսին սուլթան Մուստաֆային գահընկեց արին և թագավոր դրին սուլթան Ահմադի որդի սուլթան Օսմանին։ 1068 (1619) թվի նավասարդ ամսին թրաձև շող երևաց արևելքից դեպի արևմուտք, իսկ շողից հետո արևելքից աստղ երևաց, որ միշտ ընթանում էր դեպի հյուսիս։
1069 (1620) թվին սուլթան Օսմանը գնաց պատերազմի Լեհաստանի վրա, բայց չկարողացավ գրավել։ Դարձյալ սույն թվին Օսման թագավորը Լեհաստանի վրա էր հարձակվել։ Հյուսիսային կողմում կեսգիշերին երկինքը վառվեց, որպես թե արեգակը ամպի միջով վազում է և ծագման ժամին այրվում։ Այդպես եղավ, երբ թագավորը պատերազմից վերադարձավ և գնաց Պոլիս, իր զորքը ըմբոստացավ[1], թե մեզ այսպիսի թագավոր պետք չէ․ զարկեցին, թագավորին սպանեցին։ 1070 (1621) թվին Կոստանդնուպոլսի
- ↑ Այստեղ ծառա Սուլթանի հավատարիմ ծառաներից կազմված զորքն է: