էին գալիս արևելքից ու արևմուտքից և գնում, հնարանքներով ու խաբեությամբ բոլորին արգելեց (հեռանալ), մինչև որ բազմաթիվ քարավաններ հավաքվեցին, ապա մի օր բոլորի ինչքերն ու հարստությունները հափշտակեց՝ թե կանխիկ, թե վիճելի, և հետո թագավորից ապստամբվեց ու դարձավ ջալալի։ Նաև կամեցավ միաբանվել պարսիկների հետ, քանի որ իր քեռորդուն մեծ զորքով ուղարկեց պարսից Շահ-Աբաս թագավորի մոտ։
1075 (1626) թվին Հաֆիզ Ահմադ փաշան երեք հարյուր հազար զորքով գնաց Բաղդադի վրա, չկարողացավ գրավել, հեծյալը ջարդվեց և ետ դարձավ։ Դարձյալ նույն թվին օսմանցիները երեք ոսկի տուրք առան հայերից։ 1077 (1628) թվին Խալիլ փաշան դարձավ վեզիր, եկավ Կարին, Աբաղայի վրա. իսկ Աբաղան նորից գլուխ բարձրացրեց, ենիչերիների ջարդեց, վեց փաշա բռնեց, երկուսին դրսում սպանեց, իսկ չորս փաշաներին տարավ բերդը և բերդի դուռը փակեց։ Խալիլ փաշան նստեց բերդի շուրջը երկուսուկես ամիս, յոթ ական փորել տվեց, ի վերջո չկարողացավ գրավել, ելավ գնաց։ Կես ճանապարհին թնդանոթները թողեց, իսկ Աբաղան հետապնդեց. ութսուն շարան ուղտ ու վաթսուն շարան ջորի՝ բոլորը բեռներով (գրավեց), շատ մարդ բռնեց և շատ էլ կոտորեց։ Վեզիրը գնաց Թոքաթ։ Դարձյալ սույն թվականին Մովսես վարդապետը Շահ-Աբաս Առաջինից հրաման ստացավ Սուրբ Էջմիածնի լուսարարության։ Եկավ Էջմիածին, սկսեց Սուրբ աթոռի, եկեղեցու, պարսպի և այլ բոլոր շենքերի նորոգությունը։
1077 (1628) թվին Խոսրով փաշան վեզիր եղավ և եկավ Կարին Աբաղայի դեմ. վրացի մովրովը նրա հետ էր։ Տասնհինգ օր հազար հինգ հարյուր երեք արկ խփեց, երեք կողմից բերդի պարիսպը քանդեց, Աբաղային բռնեց ու տարավ Պոլիս։
1078 (1629) թվին Շահ-Աբաս Առաջինը մեռավ Ֆահրապատի Աշրաֆ քաղաքում և սրա փոխարեն սրա թոռ Շահսեֆին Սպահանում գահ բարձրացավ իբրև թագավոր։ Դարձյալ նույն թվականի հունվար ամսի տասներեքին տիրոջ մարդեղության օրը Սուրբ Էջմիածնի կաթողիկոս օծեցին Մովսես վարդապետին։ Դարձյալ նույն թվականին այս