Այս էջը հաստատված է

դավեց նրան՝ երեսից գցեց, ապա աքսորեց Ֆահրապատի երկիրը՝ Աստարապատ քաղաքը, որտեղ և մեռավ. շատերը ասում էին, թե շահի ցանկությամբ թունավորելով մեռցրին նրան։

1110 (1661) թվին Թամրազը գնաց Սպահան, և նույն թվին նրան մեռցրին, նաև Թամրազի հետ եղած մարդկանցից ընտիրներին սպանեցին, բայց շահի թույլտվությամբ Թամրազի մարմինը տարան վերջինիս երկիրը` Կախեթ, նույն Թամրազի թոռան մոտ։ 1114 (1665) թվի դեկտեմբեր ամսին կեսգիշերը անցնելուց հետո վաղ առավոտյան երկնքում արևելքի ու հարավի միջև երևաց մի գիսավոր աստղ, որ իր գեսը դեպի արևմուտք էր ձգել։ Ելնելիս օրավուր շուտ էր դուրս գալիս և, այդպես շուտ դուրս գալով, հասավ մինչև երեկո [երեկոյան էր դուրս գալիս]. և երբ կեսգիշերը անցավ, իր գեսը դարձրեց դեպի արևելք և այդպես գնալով հասավ մինչև երեկոյան լույսը և հետո անհայտացավ։ Նաև սույն թվի ապրիլ ամսին հյուսիսարևելքում առավոտյան պահին կրկին երևաց մի գիսավոր աստղ, իր գեսը ձգել էր արևմտյան կողմը։ Ելնելիս օրավուր ուշ էր դուրս գալիս և այդպես գնալով հասավ մինչև առավոտվա լույսը և անհայտացավ։

1115 (1666) թվի սեպտեմբեր ամսի տասին վախճանվեց պարսից թագավոր Շահ-Աբաս Երկրորդը։ Սա չափազանց բարեբախտ էր այնքան, որ իր շրջակա թշնամիները իրենց կամքով գալիս էին, սրան ի սեր և հնազանդություն։ Նաև բարեգութ խնամք էր տածում հայոց ազգիս հանդեպ։ Սրանից հետո թագավորեց սրա որդին, որին կոչեցին Շահսեֆի ըստ իր պապի անվան, ուստի սրան անվանենք Շահսեֆի Երկրորդ։ Այս Շահսեֆիի թագավոր նստելուց հետո շրջակա թշնամի ազգերը գլուխ բարձրացրին և ասպատակեցին նրա երկիրը։ Նաև ինքը միշտ հիվանդ էր և մարմնապես ցավագար, ուստի կախարդներն ու հմայողները հմայք անելով ասել են. «Շահսեֆի անունը, որ դրա վրա է, բախտավոր անուն չէ. նաև այն օրն ու ժամը, երբ դրան դրել են թագավորական գահին, երջանիկ պահ չի եղել»: Ուստի անունը փոխեցին և անվանեցին Շահսուլեյման և հմայք